Երևանի Ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել է վերացնել երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը։ Փաստաբաններ Արամ Օրբելյանը և Արամ Վարդևանյանը, հղում անելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին կայացրած որոշմանը, ընդգծել են, որ Քոչարյանի կալանքը հիմնավոր չէ:
«Ակնհայտ իրողություն է, որ գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց ընթացակարգային, կառուցակարգային պաշտպանության հնարավորություններ մեր Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսել։ Ավաղ, սահմանադիրը ևս չի նախատեսել այդ երաշխիքները։ Եվ ՍԴ-ն այս որոշմամբ տվեց որոշ ելակետեր, որոնք կարող են ելակետային լինել ԱԺ-ի համար օրենսդրության քաղաքականության շրջանակներում։ Այդ բացերի շրջանակում առկա է կիրառված խափանման միջոց, առկա է կալանավորում, որն ինքնին ենթադրում է Սահմանադրության խախտում»,- նշեց Արամ Վարդևանյանը:
Մեղադրող կողմի կարծիքով՝ ՍԴ որոշումը այս գործին վերաբերելի չէ, պաշտոնաթող նախագահին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից, հետևաբար, Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան:
Սեպտեմբերի 7-ին Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Ամիսներ առաջ պաշտպանները ներկայացրել են նաև գրավի կիրառման վերաբերյալ միջնորդությունը, որը մինչ օրս այդպես էլ քննության չի առնվել: