Ցանկացած իշխանության մեջ առկա են, այսպես ասած, թույլ օղակներ, որոնց աշխատանքը, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ անգործությունը ամենաուժեղ հարվածն է հասցնում այդ իշխանության բուրգի վերին հատվածում կանգնած մարդկանց: Նույնը կատարվում է և «Իմ Քայլում», թե' Նիկոլ Փաշինյանի, թե' ընդհանրապես, իշխանության վարկանիշը զգալիորեն անկում է ապրել, իսկ պատճառները գտնելու համար հեռու գնալ պետք չէ: Պատճառները ունեն անուն ազգանուններ, պաշտոններ:

Դիցուք՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որոնց էլ կարելի է վստահմամբ անվանել այս իշխանությունների ամենաթույլ օղակները: Երկու պաշտոնյաներն էլ տապալեցին իրենց վստահված ոլորտները՝ չկատարելով և ոչ մի տված խոստում, երկու պաշտոնյաներն էլ հայտնվել են տարատեսակ կոռուպցիոն սկանդալների կիզակետում, երկու պաշտոնյաներն էլ ռեկորդակիր են խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու հարցում: Երկուսի հրաժարականի հարցն էլ ժամանակի խնդիր է՝ Թորոսյանը արդեն իսկ հեռացել է սոցցանցերից և խոսվում է անգամ այն մասին, որ վերջինիս կանչել են ԱԱԾ հարցաքննության, ավելին՝ նա երկրից հեռանալու ուղիներ է փնտրում: Իսկ Հայկ Մարությանի արձակուրդները արդեն իսկ դարձել են սովորական երևույթ: Ամեն անգամ խոսվում է այն մասին, որ հերթական արձակուրդից քաղաքապետը չի վերադառնա, քննարկվում են հավանական փոխարինողների անունները: 


Հասկանալի է, որ այս պաշտոնյաների հասցեին հնչող քննադատության իրական թիրախը հենց Նիկոլ Փաշինյանն է, քանի որ նա է հասարակության աչքերում հեղափոխության լիդերը և իր կադրերի թերացումը առաջին հերթին իր թերացումն է: Ինչպես ասում են՝ պատասխանը հանրությունը պահանջելու է ոչ թե Թորոսյանից, կամ Մարությանից, այլ հենց Փաշինյանից: Այդ իսկ պատճառով էլ նման կադրերից ազատվելը վարչապետի համար դարձել է իշխանությունը պահելու միջոց, որքան հեռու լինեն նրանք իշխանությունից, այնքան երկար Փաշինյանը կկարողանա պահել իշխանության ղեկը իր ձեռքում: Այս առումով ավելի քան հավանական է, որ վերը նշված երկու թույլ օղակները հրաժեշտ տան զբաղեցրած պաշտոններին, իսկ հաշվի առնելով նաև նրանց պաշտոնավարման ընթացքում ի հայտ եկած բացթողումները և խախտումները՝ վերջիններս կարող են միայն պաշտոնանկությամբ գլուխները չազատել…