Օգոստոսի 23-ին, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ, Զապորոժիե քաղաքում` «Edison Space Co-working» կենտրոնում, տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ՝ «Arm Brain», Ուկրաինայի հայ երիտասարդ հավաքականների միջև, որին մասնակցում էին Կիևի, Չերկասի, Դնեպրի, Նիկոլաևի և Դոնեցկի թիմերը: Վիկտորինան ընդգրկում էր 5 կատեգորիայի հարցեր` կապված մշակույթի, կրոնի և պատմության հետ: Բոլոր թիմերը լավ արդյունքներ ցուցաբերեցին, բայց Կիևի, Չերկասի, Նիկոլաևի թիմերը դարձան խաղի 3 առաջատարները: Բոլոր թիմերն ստացան պատվոգրեր, գրքեր խաղի կազմակերպիչների կողմից: Առաջին տեղը զբաղեցրեց Չերկասի թիմը` երիտասարդական կազմակերպության ղեկավար Ռոբերտ Ասլանյանի գլխավորությամբ, ով պատվավոր նվեր ստացավ Զապորոժիեյի հայերի միության ղեկավար Արտաշես Սարգսյանի կողմից: Վերջինս շատ ուրախ էր, որ երիտասարդ հայ սերունդը ակտիվություն է դրսևորում՝ մասնակցելով հայկական թեմատիկայով այսպիսի մտավոր խաղերին։ «Ընդհանուր առմամբ, նրանք մտավոր զարգացում են ապրում և ձգտում են նորանոր հաջողությունների: Մենք շարունակելու ենք օգնել մեր երիտասարդներին հետագայում նրանց համախմբելու և նրանց ազգային ինքնությունը պահպանելու հարցում»,-ասաց Արտաշես Սարգսյանը: Վիկտորինայից հետո հայկական եկեղեցու տարածքում սպասվում էր հյուրասիրություն բոլոր հյուրերի համար, որն ուղեկցվեց երաժշտական ծրագրով և պարային վարպետության դասերով: