Ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը
- Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նամակագրական երկխոսությունը կանգ է առել այն կետի վրա, ըստ որի, կողմերը պատրաստ չեն իրար անգամ հնարավոր հանդիպման վայրի հարցում զիջել: Նման պայմաններում Դուք տեսնո՞ւմ եք երկխոսության հեռանկար:
- Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ես չեմ կարող ասել, բայց նախագահի առաջարկը շատ լուրջ է և բնական, քանի որ նմանատիպ հանդիպումները փողոցներում կամ հրապարակներում չեն լինում, ուղղակի մարդկության պատմությունն այդպիսի բան չի տեսել: Ես այդպիսի բան չեմ կարդացել, որ երկրի ընտրված նախագահին, որին ճանաչել են աշխարհի բոլոր երկրները' ԱՄՆ-ից սկսած, վերջացրած Իրանով, ընդդիմության առաջնորդն իր քաղաքական կամքը թելադրի: Ես տեսնում եմ, որ նախագահը տրամադրված է լուրջ երկխոսության և դրա համար լուրջ առաջարկություններ է արել, որն ընդունված նորմ է ամբողջ աշխարհում:
- «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա թիմակիցներն իշխանություններին և իշխանամետներին մեղադրում են այն բանում, որ Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկներն ավելի լայն էին, սակայն մերժելով արտահերթ խորհրդարանական և նոր նախագահական ընտրությունների կետերը, միայն պաշտոնների հարցն է քննարկվում: Ի վերջո, ինչի՞ շուրջ են պատրաստ երկխոսել երկու կողմերը:
- Չկա մի նորմալ մտածող մարդ, որը կարող է համոզված լինել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և ընդդիմության մնացած լիդերների այդ քայլերը որևիցե հաջողության կբերեն: Դրա վկայությունն այն է, որ ժողովուրդը լրիվ անտարբեր է, եթե չհաշվենք մի խումբ մարդկանց, Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման նկատմամբ: Նա փորձում է վերակենդանացնել իր շարժումը, բայց դա չի լինի, որովհետև այդ պահանջներն անիրական են: Երկխոսության տրամաբանությունը թելադրում է, որ երկխոսության ժամանակ կողմերն առաջ քաշեն այնպիսի հարցեր, որոնք ընդունելի կլինեն և հասարակության, և բանակցողների կողմից: Եթե այդ կողմերից մեկն անիրականանալի առաջարկներ է ներկայացնում' ինքն էլ համոզված լինելով, որ դա հնարավոր չէ, ապա երկխոսությունը վիժեցնում է: Դա, համենայնդեպս, չի վերաբերում երկրի նախագահին: Եթե ընդդիմությունը պահանջում է, որ Ազգային անվտանգության ծառայությունն իրենք ղեկավարեն, դա ինքնըստինքյան աբսուրդ քաղաքական պահանջ է: Չի եղել նման դեպք: Եթե մարդ մի բան է ուզում, որը չի եղել համաշխարհային պատմության մեջ, նշանակում է' էն գլխից ուզում է վիժեցնել գործընթացը:
- Իսկ Ձեզ համար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկների ո՞ր հատվածն է ընդունելի:
- Նախագահի բոլոր առաջարկություններն ինձ համար ընդունելի են, որովհետև տրամաբանության շրջանակներում է: Նախ' բանակցային գործընթացը հասարակական քննարկման չեն դնում, դա տեղի է ունենում նախագահականում կամ մեկ այլ պաշտոնական վայրում: Ինձ թվում է' նախագահի հետ հանդիպումից հետո Րաֆֆիին վախեցրել են նախագահի տրամաբանական առաջարկությունները, և նա խուսափում է ՍԵրժ Սարգսյանի հետ հանդիպումից: Եթե չխուսափեր, այդ մարդն առաջարկեց հանդիպել նախագահական նստավայրում, ինչո՞ւ չգնաց, ո՞րն էր պատճառաբանությունը:
- Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մինչև մարտի 10-ը՝ մինչև հացադուլը պատրաստ էր հանդիպել Ազատության հրապարակից դուրս: Հաշվի առնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը, հանդիպման հնարավորությունը մեծանո՞ւմ է:
- Քանի որ հացադուլից դուրս եկավ, կարող է և հանդիպի, բայց հացադուլը կարծեմ, չէր խանգարի այդ հանդիպումներին: Սերժ Սարգսյանը նրան չէր կանչում, որ հյուրասիրեր, այլ կանչում էր, որ քաղաքական բանակցություններ լինեին, իսկ եթե ինքը տարբեր պատճառներով խուսափում էգՇատ հնարավոր է, որ տետ ա տետ հանդիպումները ձեռք չեն տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին: Մի կողմը փորձառու քաղաքական գործիչ է, որի ուսերի հետևում հաղթանակած պատերազմն է, բանակաշինությունն է, մյուս կողմն ընդհանրապես պարծենալու ոչինչ չունի: Իհարկե, կարող է փայլուն կրթություն ունենա, կարող է շատ լավ ընտանիքում դաստիարակված լինի, քաղաքական փորձառություն ունենա, բայց մեր տիպի երկրներում լիդերների գնահատականը մարդիկ ենթագիտակցորեն տալիս են' ըստ նրա կենսագրության, իսկ այս պարագայում Րաֆֆի Հովհաննիսյանը մտքով էլ չի կարող անցկացնել համեմատվել Սերժ Սարգսյանի հետ: Իմ սերունդը մարդկանց գնահատում է' հաշվի առնելով, թե մարդն ինչ մասնակցություն է ունեցել Արցախյան գոյամարտում, որովհետև մեր ժողովրդի վերջին դարերի կարևորագույն գործընթացը եղել է Արցախյան գոյամարտը: Այդ գոյամարտի հերոսները բավականին մեծ առավելություն ունեն նրանց նկատմամբ, ովքեր դրա հետ որևէ կապ չունեն: Ցանկացած պետական պաշտոնյայի կարևորագույն հատկությունը հայրենասիրությունն է: Հայրենասեր մարդը չի կարող կաշառակեր լինել, կոռուպցիայի մեջ թաթախված լինել:
- Իսկ եթե մարդը թողնում է բարեկեցիկ երկիրը և գալիս է անհամեմատ ոչ բարեկեցիկ իր հայրենիքը, դա հայրենասիրությո՞ւն չէ:
- Դուք թյուրիմացության մեջ եք, ամեն երկրում էլ կան բարեկեցիկ մարդիկ: Րաֆֆի Հովհաննիսյանը, համեյնադեպս, որ երկիր էլ գնա, բարեկեցիկ է ապրելու:
Այսօր էլ նա շատ բարեկեցիկ է ապրում: Ես ընդհանրապես միշտ զարմացել եմ՝ ինչպե՞ս կարելի է չաշխատել և լավ ապրել: Ի՞նչ մի մեծ բան է, որ մարդը վերադառնում է հայրենիք:
- Պարոն Հարությունյան, Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է պատժել նաև ընտրակեղծարար մարզպետներին:Դա ինչո՞ւ չի կատարվում:
- Այդ հարցը Րաֆֆին պետք է ուղղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Նա պետք է մեղադրանքը հաստատի, ներկայացնի, որ նախագահը նոր պատժի: Նախագահն ինչպե՞ս իմանա' այդ մարզպետը խախտե՞լ է, թե՞ ոչ: Եթե Րաֆֆիին հավատաս, իր պարտության համար մեղավոր են Օբամայից սկսած՝ մինչև Պուտին, ինչ մնաց մարզպետները:
- Դուք ասացիք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժումը մարում է: Ո՞րն է առավել հավանական, այն, որ շարժումը կարճ ժամանակ անց ինքնաբերաբար կմարի՞, թե՞, այնուամենայնիվ, համաձայնություն ձեռք կբերվի իշխանության հետ:
- Եթե ես լինեի Րաֆֆի Հովհաննիսյանի տեղը, պատեհ ժամանակը չէի կորցնի, կանսայի նախագահին: Ինքն այդ ձևով բավական ակտիվ կներգրավվեր կառավարման համակարգում և արմատական ձևով կլուծեր այն հարցերը, որոնք ինքն առաջ էր քաշում: Օրինակ' Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, դրանից լավ ի՞նչգ
- Իսկ Գլխավոր դատախազությո՞ւնը:
- Վայ-վայ-վայ, չէ: Այսինքն՝ ինքը, գիտե՞ք, ինչ պաշտոններ է ուզում, որը նախագահի կոմպետենցիայի շրջանակում է, այսինքն՝ ուժային նախարարներ: Ինքը դառնում է այդ ուժային նախարարների ղեկավար: Այդպիսի բան չի լինում, ախր դա ծիծաղելի է, լուրջ մարդն այդպիսի առաջարկություններ չի անում: Ես, իհարկե, չգիտեմ՝ նախագահն ինչ պաշտոններ կտա, բայց ես' որպես քաղաքական գործընթացներին մասնակից մարդ, մտածում եմ, որ լավ կլինի' Րաֆֆին ինտեգրվի կառավարման համակարգում:
- Բայց «անմե՞ղ» պաշտոններում…
- Ի՞նչ պարտադիր է, որ անպայման «մեղավոր» պաշտոններ տան: Ի՞նչ է, օրինակ, Սոցապ նախարարությունն «անմե՞ղ» է, ամենակարևոր նախարարությունն է:
- Քանի որ առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններ են, չե՞ք շտապում Րաֆֆի Հովհաննսիյանը շարժումը մարման հասցնելու հարցում: Գուցե հաջողվի՞ «Բարև, Երևանին» մեծամասնություն ստանալ:
- Թող փորձեն, փորձը փորձանք չէ, բայց ես արդեն ասացի, և կուսակցությունները, և մարդիկ, պետք է կենսագրություն ունենան, որ այդ ընտրողը հենվի դրա վրա: Այսօրվա գործող քաղաքապետն ապացուցել է, որ ինքը լավ քաղաքապետ է, չնայած երիտասարդ տարիքին, ունի բավական լուրջ հաջողություններ: Ես կարծում եմ, որ Տարոն Մարգարյանը վայելում է ոչ միայն ՀՀԿ-ի և երկրի նախագահի աջակցությունը, այլ նաև իր աշխատանքով ապացուցել է, որ արժանի թեկնածու է: Հիմա ես չեմ հասկանում, Երևանի քաղաքացին ինչի՞ պիտի իր ձայնը Օսկանյանին տա, այլ ոչ թե Տարոնին Մարգարյանին: Կամ Արմեն Մարտիրոսյանը… Իմ գործընկերն է եղել, ես շատ հարգում եմ նրան, հնարավոր է՝ շատ տաղանդավոր մարդ է, բայց ընտրողի առջև չի կարող պարծենալ, որ սա եմ արել:
- Եթե Տարոն Մարգարյանի աշխատանքն այդքան ակնառու է, որ Ձեզ համար այլ ընտրությունն այլևս անտրամաբանական է թվում, եթե այդքան վստահ եք ձեր թեկնածուի հաղթանակի հարցում, ինչո՞ւ եք մարդկանց ցուցակագրում: Մամուլում հրապարակումներ եղան, որ նույնիսկ մարզպետներն են այդ գործին միացել:
- Ես կատեգորիկ դեմ եմ ցանկացած ցուցակի: Եթե մի ընտրություն ցանկանում ես պրավալ տաս, այդպիսի ադմինիստրատիվ քայլերը միշտ այդ պրավալի հիմք են: Հայաստանի հանրապետական կուսակցությունը բազմափորձ կուսակցություն է և գիտի՝ որն է լավ, որն է վատ: Ես տեղյակ չեմ նման բանի, տեղյակ էլ չեմ ուզում լինել: Կարող է՝ առանձին մարդկանց մոտ այդպիսի բան լինի, բայց դա մեր ձեռագիրը չի, ընտրություններին մենք գնում ենք քաղաքական հեղինակության բեռով:
- Այսինքն՝ այդպիսի մարդիկ ինքնագործունեությա՞մբ են զբաղվում' Հանրապետականին վարկաբեկելու նպատակով:
- Այո, հնարավոր է, վարկաբեկելու համար է արվում, ի՞նչ ցուցակների մասին է խոսքը: Օրինակ, ես չգիտե՞մ' մեր տնեցիք 8 կամ 4 հոգի ենք, էլ ինչի՞ եմ ցուցակ գրում: Եվ ընդհանրապես, ես դեմ եմ նման բաներին:
- Բայց որոշ մարզպետներ չեն թաքցրել, որ քարոզչությամբ են զբաղվում, սակայն ասել են, թե իրենց ազգականների շրջանում են դա անում: Եթե վստահությունը կա, ինչո՞ւ են նրանք էլ քարոզչությամբ զբաղվում:
- Բայց նրանք ՀՀԿ անդամներ են, ինչի՞ պիտի իր բարեկամին չկողմնորոշի, ի՞նչ մի զարմանալի բան կա: Ենթադրենք' ես մարզպետ եմ, իմ ընտանիքի անդամներն էլ ապրում են Երևանում, իմ ընտանիքի անդամների մեջ իրավունք չունե՞մ քարոզչություն անեմ: Ինչի՞ եք Հռոմի պապից կաթոլիկ ցանկանում երևալ: Ես էլ լինեի, ես էլ կանեի, բայց խոսքը ցուցակների մասին չէ: Ենթադրենք' էսօր ես նշանդրեք եմ, իրավունք չունե՞մ իմ բարեկամներին կողմնորոշեմ: Չէ՞ որ ցանկացած հավաք կարելի է դարձնել քարոզչություն՝ հարսանիք է, քելեխ է անգամ, հեռու տանից-տեղից, աշխարհում ընդունված նորմեր են: Օրինակ, ԱՄՆ-ում վերջին ընտրությունների ժամանակ Օբամայի կողմնակիցները 4 կմ սեղան են գցել: Եթե մեզ մոտ էդպիսի բան անեն, մեզ կկոտորեն, մեզ կախաղան կբարձրացնեն:
- Բայց խոսքը միայն ազգականներին կողմնորոշելու մասին չէ, այլ այն մասին, որ մարզպետարանի աշխատակիցներն իրենց հերթին են «պարտավորվում» կողմնորոշել իրենց ազգականներին:
- Դա իմ լիազորություններից դուրս է, այդ հարցերն ուղղեք մարզպետներին, իրենք կպատասխանեն, ես ի՞նչ գործ ունեմ՝ իրենց փոխարեն պատասխան տամ: