Էն խումբը, որ հիմա բողոքում է, բողոքում է շատ կոնկրետ պատճառներից ելնելով, որը կարող եք իրենց հարցնել։ Նրանք ծրագրային չափորոշիչներից գաղափար չունեն, որովհետև եթե նրանք պնդում են, որ, օրինակ, նախնական զինվորական պատրաստության առարկան դուրս է գալիս, ստում են, երբ ասում են, որ սեպտեմբերից սեռական դաստիարակություն առարկա է մտնում ծրագրերի մեջ, նույնպես ստում են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով այսօր իր հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցների բողոքին։
«Նրանք ստում են, երբ ասում են բոլոր չափորոշիչներում սեռական դաստիարակության բաղադրիչ է մտած։ Էն մարդիկ, ովքեր ներգրավված են փողոցային պայքարի մեջ, նրանց շահերին այս չափորոշիչներով մեծ վնաս է հասցվել, որովհետև նրանց գործունեությունը ոլորտում եղել է արատավոր և բնականաբար նրանք պետք է այս աղմուկը բարձրացնեին»,-ասաց Հարությունյանը։
Հարցին՝ ինչո՞ւ ակցիայի մասնակիցների հետ չի շփվում, Հարությունյանը պաստասխանեց․ «Ես ակցիայի մասնակիցների հետ շփվում եմ, երբ հստակ օրակարգ է լինում»։
Անդրադառնալով դպրոցներում աշակերտների դիմակ կրելու, գրատախտակին չմոտենալու, դասամիջոցներին դուրս չգալու առնչությամբ ծնողների դժգոհություներին՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց․ «Ես լսել եմ ծնողների մտահոգությունները, և մենք քննարկում ենք այդ մտահոգությունները և, ըստ էության, այն առաջարկությունները, որոնք արվել են, դրանց մեջ նորություն չկա։ Դիմակները կրելու կարգը և հեռավորության պահպանումը փակ տարածքներում սահմանված է եղել դեռևս մայիս ամսից, և դիմակների կրման ռեժիմի թուլացումը ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում համավարակի տարածման լարվածության թուլացման հետ»։