Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում, որի նպատակն է ճանապարհային վճարի գանձման էլեկտրոնային համակարգի ստեղծումը:
Օրենքում ամրագրված է «ճանապարհային վճար» հասկացությունը, որը ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն օրենքով սահմանված կարգով և չափով ՀՀ պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է:
Այսպիսով, ովքեր պետք է վճարեն ճանապարհային վճար.
- Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելն անվճար է, բացառությամբ 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցների և «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում նախագծված, կառուցված, նորոգված կամ պահպանվող ճանապարհների՝ ՊՄԳ պայմանագրով սահմանված դեպքերում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերի: ՊՄԳ ծրագրի շրջանակներում նախագծված, կառուցված, նորոգված կամ պահպանվող վճարովի ճանապարհները հանդիսանում են այլընտրանքային ճանապարհներ:
- Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված (հաշվառված), ինչպես նաև չգրանցված (չհաշվառված) 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով, Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները վճարում են ճանապարհային վճար:
Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական (միջպետական և հանրապետական նշանակության) ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության ճանապարհային վճարի դրույքաչափը
- Ճանապարհային վճարի դրույքաչափը սահմանվում է անցած ավտոմոբիլային ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ մինչև 50 (հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամը ներառյալ:
- Ճանապարհային վճարի դրույքաչափը յուրաքանչյու տարվա համար սահմանում ՀՀ կառավարությունը:
Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային վճարի վճարումից ազատվում են`
1) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` իրենց պաշտոնական օգտագործման բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար.
2) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական և տեխնիկական օգնություններ, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող ճանապարհային վճար վճարողները` այդ փոխադրումների համար.
3) Հայաստանի Հանրապետությունում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնող ճանապարհային վճար վճարողները` այդ փոխադրումների համար:
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:
Նախագծին մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։