ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Մասնավորապես, վերջինս, տեղեկանալով, որ ոմն Սայաթ անունով անձը, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «քրեական հեղինակություն» համարվող մեկ այլ անձի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի կողմից 2020թ. հուլիսի 11-ին տեղափոխվել և պահվում է Կոտայքի մարզի Գառնի համայնքում, վերջիններիս միջև գումարային հարցերի շուրջ առաջացած վեճը անօրինական ազդեցությունն օգտագործելով լուծելու համար՝ «Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողը ինքնությունը չպարզված անձին հանձնարարել է այդ վեճը լուծելու մասին իր «որոշումը»՝ դադարեցնել պարզաբանումները ոմն Սայաթի հետ և վերջինիս բաց թողնել՝ հետագայում նշված խնդիրը լուծելու նպատակով, փոխանցել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող վերոնշյալ անձին: Ինքնությունը չպարզված անձը, 2020թ. հուլիսի 12-ին կապ հաստատելով վերջինիս հետ, նրան է փոխանցել «Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողի» հանձնարարությունը:
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, վերոնշյալ անձը, կրելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման վարքագծի կանոնները, 2020թ. հուլիսի 12-ին կապ է հաստատել իր կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նշված անդամի հետ և հրահանգել է ոմն Սայաթին տեղափոխել իր մոտ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը) 2-րդ մասի 5-րդ կետով: Վերջինս կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է: