ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է իրավասու պաշտոնատար անձանց՝ իր մտահոգությունը հայտնելով Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ 2020 թվականի օգոստոսի 30-ին Երևանի կենտրոնում գրանցված միջադեպի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:
Իր նամակում ՀՖՖ նախագահն ակնկալում է դեպքի անաչառ քննություն և խնդրում է իրավասու պաշտոնատար անձանց քննարկել Մալաքյան եղբայրների նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառման հնարավորությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատու պաշտոնատար անձինք պատրաստակամություն են հայտնել հանդես գալ նաև անձնական երաշխավորությամբ: