Օգոստոսի 31-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հաղորդում ստացվեց, որ Այգեստան 3-րդ փողոցում կրակոց է հնչել։ Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Կենտրոնական բաժնի ու Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբերը, քննիչներ ու փորձաքրագետներ։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին արնանման հետքեր, ինքնաշեն պայթուցիկներ, որոնցից մեկը՝ պայթեցված, հրացանի փամփուշտներ և այլն։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկեցին բազմաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ Մասնավորապես, փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ Ալեք Մանուկյան թիվ 7 շենքի բակում մի խումբ անձինք վիճել էին, հայհոյախառն վեճը վերածվել էր ծեծկռտուքի։ Այդ ընթացքում էլ մասնակիցներից մեկը հրացանով կրակել էր։ Միջադեպից րոպեներ անց մասնակիցներից մեկը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Շուտով հայտնի դարձավ նրանց ինքնությունը։ Հայտնաբերվեցին ու բաժին բերման ենթարկվեցին մասնակիցներից մի քանիսը։ Նրանցից երկուսը ձերբակալվեցին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները պարզեցին նաև, թե ով էր կրակել։ 24-ամյա երիտասարդին հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ բացատրական աշխատանք տարվեց։ Արդյունքում՝ սեպտեմբերի 4-ին կասկածվողը եկավ ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց, իսկ սեպտեմբերի 5-ին կալանավորվեց։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև հրացանը, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։