Օրերս համացանցում լուրեր էին տարածվում այն մասին, որ որոշում է կայացվել՝ 2021-ին Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրել գյումրեցի ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին («Սպիտակ արջ»)։ Պարզելու համար, թե որքանո՞վ է այս տեղեկությունը իրատեսական, ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց Գյումրի համայնքի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի հետ․ «Քաղաքապետի նոր ավագանու ընտրություններին մնացել է 1 տարի, և քաղաքական ուժերն արդեն սկսում են ձևավորել իրենց թիմերը։ Իշխանությունը քաղաքական ուժ է, և նորմալ է, որ ձևավորում է իր թիմը։ Նման որոշումները բացառել պետք չէ, հավանաբար իշխանությունները կամ կուսակցությունները հայտարարություն կանեն և բոլորս կտեղեկանանք այդ մասին» ,- ասաց Գյումրի համայնքի ավագանու անդամը։
Վերջինս նշեց, որ Հայաստանում համայնքի ղեկավար լինելու հանգամանքը բավականին պրոբլեմատիկ է․ «Համայնքները, որպես կանոն թույլ են , աղքատ, խեղճ և ֆինանսապես լուրջ կարիքների մեջ: Ընդհանրապես, լավագույն ընտրությունների դեպքում էլ, երբ ազնվագույն մարդիկ են ընտրվում, այդ խնդիրները շատ հաճախ մնում են չլուծված, որովհետև գումարը, իսկապես, մեծ խնդիր է հարուցում։ Արթուրի մարզական, մասնագիտական հատկանիշները շատ բարձր եմ գնահատում, իսկ Տեղական ինքնակառավարման մասով տեղյակ չեմ իր կարողություններից և գիտելիքներից»,- ընդգծեց Լևոն Բարսեղյանը։
Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը կարծիքներ հարցրեց նաև Գյումրի համայնքի ավագանու անդամներ Հենրիկ Պողոսյանից և Գրիգոր Մաթևոսյանից, որոնք անիրատեսական համարեցին Արթուր Ալեքսանյանի քաղաքապետ նշանակվելու մասին տեղեկությունները։