Թեև ընդունված է համարել, որ քաղաքականության մեջ կեղտոտ խաղերը և մարտերն` առանց կանոնների ընդունված են, այնուամենայնիվ փաստենք, որ անգամ այս ոլորտում առկա են գրված և չգրված բարոյական նորմեր, որոնց խախտելը պատժելի է՝ առաջին հերթին հասարակության կողմից, քանի որ հասարակությունը փոխում է վերաբերմունքը այդ խախտումները թույլ տված պաշտոնյաների, քաղաքական ուժերի հանդեպ: Հայաստանի հեղափոխական իշխանությունները, սակայն, կարծես թե տեղյակ չեն վերը նշված նորմերի մասին, այդ մասին են վկայում այն բազմաթիվ զրպարտանքները, մեղադրանքները և անձնական տիրույթ տեղափոխված քաղաքական ռազբորկաները, որոնցով այսօր լի է Հայաստանի ներքաղաքական դաշտը:
Համացանցում այսօր քննարկվում է վարչապետ Փաշինյանի գրառումը, որտեղ վերջինս, փորձելով պաշտպանել ԿԳՄՍ նախարար իր թիմակցին, ակնարկել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քրեական գործը, որը վաղուց փակվել է՝ դատարանի արդարացնող վճռով: Սակայն, այդ հանգամանքը չի խանգարում Փաշինյանին նորից ու նորից շրջանառել քրեական գործը՝ այդպիսով փորձելով հակադարձել ԲՀԿ-ի և անձամբ Գագիկ Ծառուկյանի կողմից ոլորտում առկա թերացումների մասին հայտարարություններին, որը վերջինս արել է մարզային իր այցելությունների ընթացքում: Հետաքրքիր է, որ մի դեպքում դատարանի արդարացնող վճռի վրա կարելի է աչք փակել և ամեն հնարավոր կերպ թմբկահարել քրեական գործի գոյության փաստը, իսկ մյուս դեպքում միանգամայն նորմալ է դատված անձին նախարարի պաշտոն տալը: Վարչապետի գրառումը լայն հանրային արձագանքի արժանացավ, շատերը այդ քայլը դիտարկեցին էժան և երկրի ղեկավարին ոչ հարիր, նաև հիշեցրին, որ Փաշինյանին սույն քրեական գործը առանձնապես չի հուզել ՝ ԲՀԿ հետ քաղաքական հուշագիր կնքելիս:
Եվ գաղափարական այս սնանկության խնդիրը առկա է ողջ իշխանական թիմում: Այսպես օրինակ՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանից: Դատարանը իր վճռում մեջբերել է նաև Արսեն Թորոսյանի կողմից Ֆեյսբուքի ուղիղ եթերում արած այն արտահայտությունները, որոնց համար Արա Մինասյանը դատի էր տվել Թորոսյանին: Դրանք են՝ «Մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումներն այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում: Այսինքն՝ մենք մինչև հիմա ստանում ենք հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու», «…չի դադարում էդ թալանը և այսպես ասած՝ վատնումը»: Ըստ դատարանի վճռի՝ Արսեն Թորոսյանը պետք է հայտարարի, որ այդ արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը, որոնք հերքում է: Բազմաթիվ տարիների ընթացքում իր կյանքը համակարգին նվիրած բժշկին վարկաբեկեցին միայն այն պատճառով, որ վերջինս Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրն էր, իսկ երբ դատարանը Արսեն Թորոսյանի առջև դրեց անհիմն վարկաբեկման փաստը, վերջինս պարզապես ջնջվեց սոցիալական ցանցերից՝ որպեսզի ներողություն չխնդրի:
Հանրության հիշողության մեջ թարմ է ԱԱԾ նախկին պետ՝ Արթուր Վանեցյանի դեմ կազմակերպված կիրակնօրյա «սպեցօպեռացիան»: Փաշինյանի ընտանիքին պատկանող ՀԺ–ում տպվագրված հոդվածում Վանեցյանի դեմ հետևյալ հիմնական գաղափարն էր դրված՝ նա վատ մարդ է, անազնիվ է ընկերական հարաբերություններում ու երկերեսանի է։ Սա նշանակում է, որ Փաշինյանը Վանեցյանի դեմ քաղաքական պայքարի գործիքակազմ չուներ և որոշել էր նրա իմիջին հարվածել բարոյական հարթության մեջ։ Եվ դա եղավ անմիջապես այն բանից հետո, որբ ԱԱԾ նախկին պետը հայտարարեց ակտիվ քաղաքականության մեջ մտնելու մասին:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ակտիվացման լուրերի ֆոնին իշխանական քարոզչամեքենան ակտիվացրեց թեզերը յոթ շրջանները հանձնելու մասին՝ այսպիսով Սարգսյանին պետական դավաճանի ամպլուա ստեղծելու նպատակ հետապնդելով: Մյուս կողմից էլ հանրությանը չի ներկայացվել գեթ մեկ ապացույց, որ Սարգսյանի ընտանիքի անդամները, մասնովորապես եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, 50/50 բիզնեսների փայատեր էր, կամ էլ կանգնած էր Լիբանանում Սանիտեքի ֆինանսական մախինացիաների հետևում: Մինչդեռ այդ մասին ուղիղ տեքստով հայտարարում էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Հեղափոխական թիմը թիրախավորել է անգամ հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, այն բանից հետո, երբ վերջիններս հանգդնեցին քննադատել իշխանությունների՝ ազգային արմատներից, կրոնից հեռանալու քաղաքականությունը կամ էլ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մակարդակով խոսեցին՝ կալանավորներին համավարակի պայմաններում ազատ արձակելու քրիստոնեական քայլի անհրաժեշտության մասին՝ հիաշատակելով նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այսպես՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեիպիսկոպոս Կճոյանին մեղադրանք առաջադրվեց ապրիլի 13-ին՝ Կաթողիկոսի ելույթի հաջորդ իսկ օրը և այն կապված է տարիներ առաջ մեծ աղմուկ բարձրացրած Կիպրոսի օֆշորային սկանդալի հետ, որի կիզակետում էին հայտնվել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նույն ինքը` Կճոյանը։ Դեռ տարիներ առաջ նախկին իշխանությունների օրոք էր գործ հարուցվել, սակայն մեղադրանք էր առաջադրվել միայն մեկ անձի։ Արշավ սկսվեց նաև Գարեգին Բ-ի դեմ, «Իմ քայլի» պատգամավորները, մեկը մյուսին հերթ չզիջելով, ակնարկում էին վերջինիս ընտանիքի առկայության մասին, ինչը, ըստ նրանց, հակասում է կուսակրոնության գաղափարին: Ի դեպ, այդ տեղեկատվությունը բազմիցս հերքվել է Մայր Աթոռի կողմից: