Ռուսաստանը հոկտեմբերի 10-ից ապավինում է զանգվածային հրթիռակոծությունների մարտավարությանը։ Այս ընթացքում օդային հարվածների թիրախ են դարձել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները և ռազմական օբյեկտները, որոնք, ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրությունների, ամբողջապես խոցվել են։ Այս ամենով պայմանավորված՝ ամբողջ Ուկրաինայի տարածքում օրեր շարունակ պարբերաբար օդային տագնապ է հայտարարվում․ իրավիճակն իրապես լարված է։
«Այն, որ Ռուսաստանը հարվածում է Ուկրաինայի կրիտիկական՝ էներգետիկ ենթակառուցվածքներին, ապացուցում է Պուտինի հայտարարության ոչ անկեղծ լինելը։ Իսկ փետրվարի 24-ին մեկնարկած ռազմական գործողության ժամանակ ՌԴ նախագահը պնդում էր, թե ռուսական զինուժը թիրախավորելու է միայն Ուկրաինայի ռազմական օբյեկտները: Այսինքն, հուսահատության մեջ հայտնված Ռուսաստանը խախտում է պատերազմի օրենքները՝ դուրս գալով այսպես կոչված ոչ կոնվենցիոն հակամարտության կամ պատերազմի՝ առանց կանոնների»։
Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց «Համաշխարհային քաղաքականության ինստիտուտ»-ի գործադիր տնօրեն, Ուկրաինայի ՊՆ հանրային խորհրդի նախկին անդամ Եվգենի Մագդան։ Այս ամենի պատճառը, ըստ փորձագետի, այն է, որ ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ Պուտինին պատերազմի ավարտի մասին անհարմար հարց ուղղեցին Հնդկաստանի և Չինաստանի առաջնորդները։
«Եվ ահա ռուսական զինուժը դրանից հետո մասնակի զորահավաք է հայտարարում, որից հետո սկսում գրոհել Ուկրաինայի վրա իրանական արտադրության դրոն-կամիկաձեներով և հրթիռներով։ Կարծում եմ, Ուկրաինան պետք է խզի դիվանագիտական կապերը Իրանի հետ, փոխարենը առավել սերտացնի համագործակցությունը Իսրայելի հետ, որպեսզի վերջինս կիսվի ռազմական տեխնոլոգիաների և հետախուզական տվյալների իր փորձով, որպեսզի հարկ եղած դեպքում հարվածենք նաև Իրանին»,-նշեց մեր զրուցակիցը։
Որպես Ռուսաստանին հակազդելու և ճնշելու միջոց, Մագդան մատնանշեց Եվրամիության շարունակական աջակցությունը և հույս հայտնեց, որ Կիևի իշխանությունները կկարողանան արագացնել հակառուսական պատժամիջոցների 9-րդ փաթեթի հաստատումը։
Արա Ալոյան