«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախօրեին՝ ՀՀ անկախության 29 ամյակի առիթով կազմակերպված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ, բեմում մրցանակ է հանձնել նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, նախկին սոցապնախարար Մանե Թանդիլյանը:
Ըստ մեր տեղեկությունների՝ թե՛ իշխանության ներկայացուցիչները, թե՛ լուսավորականները անակնկալի են եկել, երբ բեմ է բարձրացել Թանդիլյանը: Բանն այն է, որ գրեթե բոլորը տեղեկություններ ունեն, թե Թանդիլյանը առողջական խնդիրների պատճառով Ավստրալիայում է, բուժում է ստանում, ու հանկարծակիի են եկել, երբ տեսել են իշխանության կազմակերպած միջոցառմանը:
Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսի 14-ին Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ու համանուն կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, ինչպես նաեւ դադարեցնում է գործունեությունը՝ որպես կուսակցության կառավարման խորհրդի անդամ։ «Տեւական ժամանակ է' ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլեւս անհամատեղելի են պատգամավորական եւ ակտիվ քաղաքական գործունեության հետ»,-նշել էր պատգամավորը:
Դրանից հետո լուսավորականներն էլ ներքին քննարկումների ժամանակ հայտարարում էին, թե Թանդիլյանը գնացել է արտասահման բուժում ստանալու, բայց, կարծես թե, դա այդքան էլ իրական չէ: Մենք փորձեցինք զրուցել Մանե Թանդիլյանի հետ, սակայն ապարդյուն. նա սոցիալական ցանցերում ապակտիվացրել է իր էջերը ու չի արձագանքում մեր ո՛չ հեռախոսազանգերին, ո՛չ նամակներին»։