Բարի, պարզ, անմիջական. 19-ամյա հերոս Էդուարդ Մարաբյանին բնութագրող բառերն են: Էդուարդն անմահացավ հանուն հայրենիքի պաշտպանության՝ կյանքը զոհելով հանուն կյանքի։
Ֆուտբոլիստ էր Էդուարդը, պաշտպան էր ինչպես ֆուտբոլում, այնպես էլ' մարտի դաշտում: Բանակ էր զորակոչվել ամռանը, ծառայում էր Մարտունի 2-ում: Պատերազմի օրերին Ֆիզուլիում տանկի վարորդ էր, մայրը՝ Անուշ Մնացականյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշում է, որ պատերազմի հենց առաջին օրից Էդուարդը եղել է կռվի ամենաթեժ կետերում, որից հետո ընկել է շրջափակման մեջ. «Տանկի շարժիչը չի աշխատել, առանց զենքերի են եղել, ստիպված՝ նահանջել են ու խումբ-խումբ ընկել շրջափակման մեջ: Մեզ միայն ասում էր՝ լավ է լինելու, մենք էլ լավ պատրաստված ենք ու անպայման հաղթելու ենք»:
Ֆիզուլիում՝ Էդուարդի հերոսությունների մասին խոսում են բոլորը. նա, իմանալով, որ ընկերը այրվող տանկի մեջ է, չի ենթարկվել նահանջ հրամանին. տանկից դուրս է բերել ընկերոջը. «Զինակից ընկերներից մեկը, որ ոտքից վնասվածք էր ստացել, չի նկատել, որ արկ է ընկնում, Էդուարդս վազել է, իրեն գցել խրամատի մեջ ու մարմնով պահել ընկերոջը»,- վշտով, բայց մեծ հպարտությամբ պատմում է հերոսի մայրը:
Պատասխանատվության բարձր զգացում ունեցող Էդուարդին շնորհվում է սերժանտի կոչում, բայց, նույնիսկ այդ ժամանակ, համեստությունը խանգարել է նրան հարազատներին հայտնել այդ լուրը:
Տիկին Անուշն ասում է՝ հոկտեմբերի 30-ին Էդուարդից ստացած զանգը հրաժեշտի զանգ էր․ «Խոսեցինք, ասաց՝ մենք գնում ենք, ձեզ լավ կնայեք, ասել են, որ զանգենք ծնողներին, ուրիշ բան չեմ կարող ասել: Ասում էր՝ կռվում էինք 300-400 թշնամու զորքի դեմ, 60-70 զինվորներով գնում ենք, 30-40-ով՝ վերադառնում. ինչքան կարողանում ենք՝ դիմակայում ենք․ երբեք այդպես չէր խոսել Էդուարդս»,- հիշում է տիկին Անուշը:
Էդուարդն ու ծառայակից ընկերները երկու կողմից շրջափակման մեջ են ընկել. հետևի կողմից թշնամին ճեղքել է դիրքը. «Տղաս շրջվել է, կրակել, բայց դիպուկազարկ հրացանով կրակել են տղայիս ճակատային վերևի հատվածից: Տղաներն ասում են՝ տեսել են, որ Էդոն կռացել է ու ճակատից արյուն է հոսում, բայց անզորությունից, թե վախից ոչինիչ չեն արել: Ասել են՝ Մարաբյանը վիրավորվել է, ու այդպես էլ չեն հանել տղայիս, որովհետև թշնամին հետևներից եկել է. տղաս հերոսաբար մարտնչել է մինչև վերջին շունչը»:
Տիկին Անուշի խոսքով՝ նույնիսկ ՊՆ-ից ոչինչ չեն ասել, միայն ասել են՝ վիրավոր է, իրենք էլ ճարահատյալ փնտրել են Էդուարդին բոլոր հիվանդանոցներում, Կարմիր խաչ են զանգահարել, բայց, ինչպես հերոսի մայրն է ասում, ապարդյուն:
«Սպասում ենք, որ տղայիս խրամատից կհանեն, բայց ասում են՝ ցեխ է, չենք կարող...»,- հուսահատ ասում է տիկին Անուշը:
Էդուարդը Երևանից էր, մեծ երազանքներ ու փայլուն ապագայի հեռանկար ուներ: Արդեն հասցրել էր բազում հաջողություններ գրանցել, իսկ հարազատներին խոստացել էր բարեկեցիկ կյանք ապահովել։
Զինակից ընկերները պատմել են, որ կռվի ժամանակ Էդուարդին նահանջի հրաման են տվել, բայց նա ասել է՝ ես որտեղ լինում եմ՝ նահանջ չկա:
«Բոլորը ճանաչում էին Էդուարդիս, դպրոցում էլ բոլորի սերն ու հարգանքն էր վայելում: Ինձ ասում էր՝ պատիվդ միշտ բարձր եմ պահում, եկեղեցի էի մտնում՝ ծանոթ-անծանոթ մոմ էին վառում Էդոյիս համար: Կյանքի գնով պահել է ընկերներին»,- ընդգծում է մայրը։
Հարազատները վերջին անգամ Էդուարդին տեսել են 2019 թվականի դեկտեմբերի 25-ին: Տղայի նկարները նայելիս՝ մայրը միշտ մտածել է, որ որդին կենդանի հերոս է: Ավաղ, Էդուարդը հիմա բոլորիս հերոսն է, ու բոլորին օգնող հերոսը մարտի դաշտում անօգնական մնաց...
Արփինե Հակոբյան