Նոր հանգամանքներ են պարզվել հունիսի 1-ին Վայոց Ձորի մարզում Արփա գետում ջրահեղձ եղած 15-ամյա Ալեն Սարգսյանի դեպքից:
Նշենք, որ այդ օրը ժամը 15:50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Վայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Հարունի կամուրջ» կոչվող տարածքում երեխա է ընկել գետը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հարուցված քրեական գործի շրջանակում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ա. Սարգսյանը Արփա գետի «Գալամյակ» կոչվող տարածքում լողանալու նպատակով մտել է գետը, լողացել գետի արագընթաց եւ վարար հատվածով, որտեղից էլ ջրի հոսանքը պտտել է նրան եւ քշել դեպի ներքեւ:
Իրականացնած որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը, ժամը 18:30-ի սահմաններում «Հարունի կամուրջ»-ին հարակից տարածքում Վայք քաղաքի բնակիչ Ստեփան Սարգսյանի կողմից Արփա գետում հայտնաբերվել է Ա. Սարգսյանի դին՝ բերանքսիվայր ջրի մեջ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել եւ հիմնավորվել է, որ Ալեն Սարգսյանը դեպքից 1 օր առաջ ընկերների հետ որոշել է լողալու նպատակով գնալ Արփա գետի «Գալամյակ» կոչվող տարածք: Արդեն հունիսի 1-ին, ժամը 15:00-ի սահմաններում անչափահաս Ն. Մ.-ն եւ Ա. Սարգսյանը Վայքի հրապարակից տաքսի ավտոմեքենայով մեկնել են նշված տարածք, ճանապարահին վերցնելով ընկերներին՝ Հ. Հ-ին Պ. Ն-ին եւ Ա. Գ.-ին: Իսկ մեկ այլ ավտոմեքենայով նրանց են միացել Ջ. Ա.-ն, Դ. Մ.-ն եւ Ն. Մ.-ն:
Արդեն «Գալամյակ» կոչվող տարածքում, գետից քիչ հեռու գտնվող կանաչապատ հատվածում, հանել են իրենց հագուստները եւ սկսել գետում լողալ: Բոլոր երեխաները լողացել են, իսկ Ֆ. Ն.-ն, ով լողալ չի կարողացել, չի մտել գետը:
Նշված տարածք գնալու եւ այնտեղ լողանալու մասին երեխաները իրենց ծնողներին տեղյակ չեն պահել եւ միայն Ա. Սարգսյանն է նախապես տեղյակ պահել իր ծնողներին, սակայն առանց ծնողների թույլտվությունն ստանալու գնացել է նշված տարածք, որտեղից էլ զանգահարել ու ներողություն է խնդրել ծնողներից, նրանց թույտվությունը չստանալու պարագայում լողալ գնալու համար:
Հ. Հ.-ն, Ալեն Սարգսյանը , Ա. Կ.-ն, Ջ. Ա.-ն, Ն. Մ.-ն եւ Դ. Մ-ն Արփա գետի «Գալամյակ» կոչվող տարածքում՝ դեպի Երեւան տանող ավտոճանապարհի ուղղությամբ գետի ձախ հատվածում, գետը բաժանող բետոնյա պատի աստիճաններից ցած, բետոնյա պատից 1-2 մետր հեռավորությամ վրա գտնվող համեմատաբար թույլ հոսանք ունեցող հատվածում մոտ 20-25 րոպե լողացել են, որից հետո բացի Ա. Սարգսյանից եւ Ջ. Ա.-ից մյուսները դուրս են եկել գետից ու նայել են , թե ինչպես են Ա. Սարգսյանն ու Ջ. Ա.-ն լողում:
Այդ ընթացքում երեխաները բետոնյա պատի աստիճանների վրայից գետի մեջ թռիչք կատարելով մի քանի անգամ մտել են ջրի մեջ, դուրս եկել: Մի պահ, երբ Ա. Սարգսյանը գետից դուրս է եկել, Ջ. Ա.-ն լողալով գնացել է դեպի արագընթաց եւ գալարվող հոսանքի ուղղությամբ, որտեղ գետը համեմատաբար խորն է եղել: Նշված հատվածում լողալիս Ջ. Ա.-ն կորցրել է իր հավասարակշռությունը ու գետի հոսանքը նրան մի քանի անգամ ընկղմել է ջրի տակ եւ կրկին հանել ջրի երես:
Այդ ամենը տեսնելով, Ա. Սարգսյանը նրան օգնելու նպատակով պարզել է իր ոտքը, այդ ձեւով փորձելով նրան օգնել, որպեսզի նա բռնվի ոտքից, սակայն Ջ. Ա.-ն չի կարողացել հասնել նրա ոտքին, դրանից հետո Ա. Սարգսյանը մտել է գետը եւ լողալով գնացել Ջ. Ա.-ի ուղղությամբ եւ Ա. Սարգսյանին հաջողվել է գրեթե մահվան ճիրաններից փրկել Ջ. Ա.-ի կյանքը ու արդեն օգնության հասած Հ. Հ.-ն կարողացել է բռնել Ջ. Ա.-ին եւ դուրս բերել ջրից:
Այդ ժամանակ Ա. Սարգսյանը կորցրել է հավասարակշռությունը եւ մեջքի վրա դիրքում ջրի վրա գետի արագընթաց հոսանքը տարել է հոսանքի ուղղությամբ դեպի ներքեւ: Արդեն երեխաների ահազանգով սկսվել են Ա. Սարգսյանի որոնողական աշխատանքները եւ նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում հայտնաբերվել է նրա դին:
Աղբյուրի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած երեխան իրենց դպրոցում համարվում էր ամենախելացի աշակերտներից մեկը, սիրված էր ոչ միայն ծնողների, հարազատների, ըկերների, այլ նաեւ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի կողմից: Նա զբաղվում էր սպորտով, բազմաթիվ մրցումների ու միջոցառումների էր մասնակցել: