Հուլիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Արգինայի ջրատարում երեխա է ընկել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 13։45-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 16-ամյա Նարեկ Խ-ն Արտենի գյուղի վարչական տարածքում բերքահավաք կատարելիս իր 2 ընկերներին Արտենի գյուղի վարչական տարածքով անցնող «Մայր առու» ջրատարի միջից դուրս հանելու ժամանակ խորասուզվել է, որտեղից մոտ 4.5 -5 կմ հեռավորության վրա՝ Արգինա գյուղի վարչական տարածքում, բնակիչների օգնությամբ դուրս է բերվել վերջինիս դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։