Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում Toyota Land Cruiser մակնիշի 470 ՍՕ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով Աշտարակի բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցի բնակիչ՝ 55-ամյա Հակոբ Պողոսյանն ու Երևան քաղաքի Արծրունու փողոցի բնակիչ՝ 76-ամյա Պետրոս Պողոսյանը, որտեղ Հ. Պողոսյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով կոտրվել էին ավտոմեքենայի անվահեծանները, մեքենայի վրայից պոկվել էին գազաբալոնները, իսկ մեքենան էլ ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։
Հիվանդանոցում վթարի մեջ հայտնվածների համար այցելած մարդիկ ասում էին, որ մահացածն աշխատում էր հայտնի գործարար Միշա Բաղդասարովի մոտ, ով Հրազդանի ցեմենտի գործարանի տնօրենն էր, ավտոմեքենան պատկանում է Մ. Բաղդասարովին։ Իսկ վիրավոր Պ. Պողոսյանը, ով նրա հայրն է, աշխատում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում՝ որպես կապի բաժնի պետ։