ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանն առայժմ ՍԴ նախագահի իր նախընտրած թեկնածուն չունի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Արթուր Վաղարշյանը։
«Ես պետք է լսեմ թեկնածուին եւ նրա խոսքը, տեսլականը ՍԴ-ի ապագայի մասին, նոր ընտրություն կատարեմ։ Առայժմ գաղտնիք է՝ ես կառաջադրվեմ, թե ոչ»,- ասաց ՍԴ նորընտիր դատավորը։
Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե երեկ քննարկվել է ՍԴ դատավոր Խունդկարյանի թեկնածության հարցը, դատավորը նշեց․ «Այդ տեղեկություններին լուրջ չեմ ընդունում, քանի որ 2 ամիս շարունակ մամուլը գրում էր, թե ես ՍԴ դատավոր չեմ ընտրվի, սակայն ընտրվել եմ»։
Վաղարշյանը հերքեց այն տեղեկությունները, թե երեկվա նիստին ՍԴ նախագահի եւ փոխնախագահի պաշտոններում թեկնածուների առաջադրման հարցը թեժ մթնոլորտում է քննարկվել. «Կեղծիք է դա։ Թեկնածության հարցը չի քննարկվել, միայն քննարկվել են ընթացակարգային հարցեր եւ իմ համար էլ է հանելուկ, թե ով է լինելու թեկնածու»։
Դիտարկմանը, թե կա մեկը, ում օգտին սկզբունքորեն չի քվեարկի, Վաղարշյանը պատասխանեց․ «Ես ոչ թե անձի ընտրություն եմ կատարում, այլ տեսլականի ընտրություն եմ կատարում»