ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանն ԱՄՆ-ում որևէ քրեական գործով չի կալանավորվել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գևորգյանի պաշտպան Հրանտ Անանյանը։
Նկատենք, սակայն, որ սա չի ենթադրում, թե Արթուր Գևորգյանը որևէ հարցով ԱՄՆ-ում չի ձերբակալվել, քանի որ փաստաբանը ուշադրություն է հրավիրում «քրեական գործ» արտահատության վրա, քանի որ ինչպես ՀՀ դատախազությունից են փոխանցում՝ նրա ձերբակալությունը կապված է ԱՄՆ օրենսդրության պահանջների խախտման հետ։
Նշենք, որ երեկ ամերիկաբնակ, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի կողմից տեղեկություն էր տարածվել, թե Արթուր Գևորգյանն ԱՄՆ-ում կալանավորվել է։ Փաստաբանն ասաց, որ վերջինիս կողմից արված հայտարարությունն ապատեղեկատվություն է և հասկանալու համար ճի՞շտ է լուրը, թե՞ ոչ, նախ պետք է իմանալ՝ ով է ասողը․ «Վարդան Ղուկասյանը նախկինում ոստիկանությունից վռնդված, շորթման և խարդախության համար դատապարտված մեկն է, որի մասին անգամ դատալեքսում կա դատավճիռ։ Եթե մեր լսարանի համար կապ չունի՝ ով է ասում, կարևոր է թե ինչ է ասում»,- ասաց Անանյանը՝ հորդորելով տեղի չտալ ապատեղեկատվությանը։
Նրա խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը նպատակ է դրել արհեստականորեն ձգձգել գործի քննությունը․ «ՀՔԾ-ն անհիմն հիմք չընդունելով հյուպատոսական վավերացմամբ ներկայացրած փաստաթղթերին և կասկածներ ունենալով դրանց վերաբերյալ, որոշել է ինքնուրույն դիմել ԱՄՆ իրավապահ մարմիններին՝ նույն տեղեկատվությունը ստանալու համար։ Փաստորեն, ամիսներ են անցել և դեռ սպասում ենք ԱՄՆ իրավապահ մարմինների պատասխանին»,- ասաց Անանյանը։
Մեզ հետ զրույցում ՀՀ դատախազությունից հաստատեցին, որ Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է, բայց ոչ թե այն քրեական գործով, որով նա ներգրավված է որպես մեղադրյալ, այլ ԱՄՆ օրենսդրության պահանջների խախտման հետ կապված հանգամանքներով պայմանավորված․ «Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ գլխավոր դատախազությունը նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակներում ՀՀ իրավասու մարմիններին փոխանցման հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար: Հարկ է, սակայն, նկատի ունենալ, որ քրեական գործերով անձանց հանձնման ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հանձնման մասին երկկողմ միջազգային պայմանագրի բացակայությունը որոշակի առանձնահատկություններ է թելադրում հանձնման գործընթացի առավել բարդության տեսանկյունից»,- փոխանցեցին դատախազությունից։
Անդրադառնալով դատախազության մեկնաբանությանը, Հրանտ Անանյանը շարունակեց պնդել՝ Գևորգյանը որևէ քրեական գործով չի կալանավորվել․ «Դատախազության ասածը չի հակասում իմ ասածին, բայց փորձում են համեմել և կապակցել այս գործի հետ, բայց հավատացնում եմ՝ որևէ քրեաիրավաական բնութագիր ունեցող հարցով անձը ձերբակալված կամ կալանավորված չէ։ Չեմ ասում, թե տվյալ դեպքում այս դեպքն է, բայց եթե օրինակ ԱՄՆ-ում ալկոհոլ օգտագործած մեքենա ես վարում, ճանապարհային ոստիկանությունը ձերբակալում է, բայց դա չի նշանակում, թե Արթուր Գևորգյանը քրեական գործի մեղադրանքով է ձերբակալված։ Չկա նման բան։ Իսկ թե ինչ խնդիրներ կան, ես դա չեմ ուզում մեկնաբանել»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Արթուր Գևորգյանը մեղադրյալ է ներգրավվել ապրիլի 9-ին ՀՔԾ-ում քննվող քրեական գործի ՀՀ ՔՕ-ի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրումը) և 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը): Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հետախուզում հայտարարվել։
Նշենք, որ Արթուր Գևորգյանը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է։
Սոնա Հարությունյան