«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շարունակում են բողոքել իրենց նվիրական աշխատանքի դիմաց ստացած չնչին աշխատավարձից: Պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը, մասնավորապես, հայտարարել է, որ Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը շատ ցածր է, և իրենք ամեն ինչ անելու են այդ աշխատավարձը շեշտակի ավելացնելու համար, առայժմ որքան տնտեսական հնարավորությունները թույլ են տալիս, այդքան են անում։ Դա քաղաքական պատասխանատվության հարց է՝ հավելել է պատգամավորը:
Ընդամենը ամիսներ առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հայտարարությունը առ այն, որ մարդիկ շատ բան են պահանջում իշխանություններից, ուզում են 500 000 դրամ ստանալով՝ նախարարը, փոխնախարարը, պատգամավորները մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ, նվիրյալներ լինեն: Ուշագրավ է, որ լինելով ընդդիմադիր, պատգամավոր Լենա Նազարյանը ժամանակին ամենաթեժ քննադատության էր ենթարկում հանրապետականների կողմից բարձր աշխատավարձ ստանալը և պնդում էր, որ նման աղքատ երկրի համար դա պարզապես անթույլատրելի ճոխություն է: Այժմ, ինչպես տեսնում ենք, ճոխությունը, ըստ Նազարյանի, թույլատրելիի սահմանում է:
Նիկոլ Փաշինյանը ժամանակին պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը ցինիզմ էր որակում: Դիցուք՝ դեռ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդանշական էր համարել Ազգային ժողովում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Գործազրկության նպաստներից զրկելու մասին» նախագծերի հաջորդական քննարկումը: ԱԺ նիստում Փաշինյանը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը գործազրկության նպաստների օրինագծի քննարկման ժամանակ տարընթերցումների տեղիք չտվող հայտարարություն արեց, թե՝ անբարոյական է 18.000 դրամ հատկացնել գործազուրկներին: «Պաշտոնական վիճակագրությամբ՝ Հայաստանում այսօր մեկ միլիոնից ավելի մարդ աղքատ է, այդ մարդիկ ամեն օր լուրի են սպասում, թե ինչ կանի, այսպես կոչված, քաղաքական էլիտան՝ իրենց հուսահատության ճիրաններից ազատելու համար: Ու ահա այսօր իրենք կստանան «բարի լուր», որ քաղաքական էլիտան բարձրացրել է ինքն իր աշխատավարձը: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ ցինիզմ, աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին: Սա ցինիզմ է, և սա հատուկ եմ ասում բոլոր նրանց համար, ովքեր իմ դիրքորոշումը կորակեն որպես պոպուլիստական»,- հայտարարել էր Փաշինյանը: Այսօր արդեն, վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ այո, պաշտոնյաների աշխատավարձերը պետք է շեշտակի բարձրանան, ավելին՝ այդ հրահանգը հենց ինքն է տվել:
Իմ Քայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը նույնպես գտնում է, որ պաշտոնյաների աշխատավարձերը ցածր են, սակայն հավելում է, որ Եթե նույնիսկ աշխատավարձերը բարձրանան, պարգևավճարի ինստիտուտը պետք է մնա:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ «Զրույց քաղաքացու հետ» խորագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ եթե որակով որեւէ բան ենք ուզում, ապա դրա արժեքը թանկ է: «Պատգամավորի մաքուր աշխատավարձը՝ հանած բոլոր հարկերն ու տուրքերը, կազմում է 461 հազար դրամ, դրան գումարած՝ 150 հազար դրամ պարգեւավճարը»,- ասել էր պատգամավոր Գրիգորյանը:
Հիրավի, մի շարք դեպքերում կյանքի է կոչվել վարչապետի «հարստացիր և հարստացրու» կարգախոսը: Վարչապետի քաղաքական գործընկերների մի մասի եկամուտները հեղափոխությունից հետո կտրուկ ավելացել են: Վճարում են հարկատուները: Նոր Հայաստանում Ազգային ժողովի պատգամավորները, աշխատավարձից բացի, 17,5 անգամ ավելի շատ պարգևավճար են ստացել, քան պայմանական ասած՝ «հին» Հայաստանում։ Այն Հայաստանում, որտեղ, ինչպես ընդունված է ասել, թալանում ու կողոպտում էին պետական գանձարանը։