Հայկական սփյուռքը շարունակում է հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել Հայաստանին և Արցախին:
Իսրայելահայերն այս օրերին, բացարձակ կարանտինի և տեղաշարժի սահմանափակումների պայմաններում, արդեն 50 հազար դոլարի օգնություն են հատկացրել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի հիվանդանոցներին: «Իսրայելը մոտ 10 հազար հայ հաշվվող համայնք ունի, որոնց անդամները սփռված են ողջ երկրի տարածքով: Շատ ակտիվ հավաքվում է գումար համ Հայֆայում, Երուսաղեմի և կենտրոնի՝ Թել Ավիվի հայությունից, ուղարկում են գումար, բացի դրանից այդ գումարով առնում ենք տեղական արտադրության դեղորայք, որ ուղարկենք Արցախ», - ասաց Պետախ Տիկվայի Նոյան Տապան հայկական կրթական մշակութային կենտրոնի ղեկավար Դավիթ Գալֆայանը:
Լոս Անջելեսի, Նյու Յորքի հայ համայնքները մարդասիրական օգնություն են ուղարկել Հայաստան և Արցախ, բացի այդ, Լոս Անջելեսի մեր հայրենակիցները արդեն երկու օր է բողոքի ցույց են կազմակերպում` պահանջելով ԱՄՆ իշխանություններից արձագանքել Ադրբեջանի ագրեսիային: Կալիֆորնիայի հայ համայնքը փոխանցել է շուրջ 7 միլիոն դոլար:
Ֆրանսիայի Մարսել քաղաքում հայ համայնքը մեծ քանակությամբ մարդասիրական օգնություն է հավաքում` այս կերպ իր զորակցությունը հայտնելով Հայաստանին: Աշխատանքները իրականացվում են Սրբոց Թարգմանչաց հայ առաքելական տաճարի, Ալթիչութ 5167 կազմակերպության և Աբովյան Վարժարանի նախաձեռնությամբ:Հայությունը հավաքագրում է անհրաժեշտ նյութական օգնությունը` ամեն օր ստանալով հարյուրավոր արկղեր: Նմանատիպ կետեր են բացվել Ֆրանսիայի այլ բնակավայրերում ևս:Աբովյան վարժարանի սաներն էլ գրել են նամակներ, որոնք արկղերի հետ կհասնեն իրենց հասցեատեր զինվորներին և հայրենակիցներին: Հարյուրավոր հայեր հավաքվել են Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հանրահավաքի տեսանյութերը սոցցանցերում հրապարակել են Ֆրանսիայի և աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերը։ Ֆրանսիայի հայ համայնքը 700-800 հազար դոլար է ուղարկել հայրենիք:
Արդեն քանի օր է` Ռուսաստանի հայկական համայնքը վերսկսել է մոբիլիզացման գործընթացները: Շարունակական հանդիպումներ են տեղի ունենում թե՛ Մոսկվայի հայկակայ Առաքելական եկեղեցում , թե՛ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը, թե՛ համայնքային կազմակերպություններում: Տարբեր հանդիպումներից բացի, նաև Ռուսաստանի հայերը հավաքում են դեղորայք, բժշկական սարքավորումներ, երեխաների համար առաջին անհրաժեշտության իրեր, սանիտարահիգիենիկ պարագաներ, գումար: Հավաքագրվում են նաև կամավորները՝ առաջնագիծ մեկնելու համար: Օգնությունը հատուկ չարտերային թռիչքով առաջիկայում կուղարկվի Հայաստան։
Բեռնում՝ Շվեյցարիայի խորհրդարանի շենքի առջև գտնվող հրապարակում, hոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել բազմամարդ բողոքի ցույց` ընդդեմ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմի։ Հայաստանի և Արցախի հետ համերաշխության կարգախոսի ներքո ընթացած ցույցը նախաձեռնել էր Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը՝ հայկական համայնքային մի շարք կառուցների աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ։
Կիեւում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության արտահերթ նիստ: Հանդիպմանը ներկա էին տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, փոխնախագահներ և Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ:Հանդիպման ընթացքում ընդունվել են մի շարք կարեւոր որոշումներ, ստեղծվեց շտաբ` գործողությունների արդյունավետ համակարգման համար:Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է օգնել իր պատմական հայրենիքին, կարող է կապվել իր քաղաքի տեղական համայնքի հետ: Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության գործունեության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մարդասիրական օգնության, բարեգործական և սոցիալական ծրագրերի իրականացման խնդիրները: Ուկրաինայի հայերը նման միջոցառումներ կազմակերպեցին նաև 2016-ի ապրիլյան պատերազմից հետո: 40 ընտանիք Հայաստանում եւ Ղարաբաղում երկարաժամկետ մարդասիրական օգնություն է ստացել Ուկրաինայի հայերի միությունից: Ուկրաինայի հայերի միության նախագահը միության ներկայացուցիչների հետ ժամանելու է Հայաստան, բացի այդ, պատերազմի սկսելու հաջորդ իսկ օրը Ուկրաինայի հայերի միությունը կազմակերպել է դրամահավաք, որի ընթացքում հավաքվել է 2 միլիոն դոլարի չափ օգնություն:
Ջավախքի օգնությունը նույնպես մեծ է՝ 50 տոննա ալյուր, 30 տոննա կարտոֆիլ, 45 հազար շիշ խմելու ջուր. Եվ սա միայն Ջավախքի առաջին օգնությունն է Արցախին: Բեռնատարների մեջ 35 հազար դոլարի սնունդ է, նախատեսվում է երկու օրը մեկ նման օգնություն ուղարկել Հայաստան և Արցախ:
Արգենտինայի մայրաքաղաքում գտնվող Թուրքիայի դեսպանատան մոտ հայկական համայնքը բողոքի ակցիա է արել։
Բրազիլիայում 22 000 հոգանոց հայկական սփյուռքը բողոքի ակցիաներով նույնպես միացել է ադրբեջանական ագրեսիայի դեմ բողոքի ցույցերին: Բրազիլիայի հայ համայնքը նույնպես կոչ է արել դադարեցնել Հայաստանի և Արցախի դեմ ուղղված Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան:
Հույների և հայերի խոշոր ցույց է կազմակերպվել Հունաստանի Սալոնիկ քաղաքի կենտրոնում։ Ակցիային մասնակցել են մի քանի հարյուր հույներ ու հայեր, որոնք ազգային դրոշներով անցել են քաղաքի կենտրոնով, մոմեր վառել ու աղոթք բարձրացրել առ Աստված։