Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը բաց նամակով դիմել է Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ:
«Ես պրոֆեսիոնալ մարզիկ եմ, որը միջազգային մակարդակով հպարտորեն ներկայացնում է իր երկիրը՝ Հայաստանը, և այսօր ձեզ գրում եմ շատ ծանր սրտով: Քանի որ աշխարհը ականատես է աննախադեպ և ողբերգական պատերազմի Լեռնային Ղարաբաղում, թույլ տվեք բարձրաձայնել իմ խորը մտահոգության մասին, որ իմ հայրենիքը վտանգված է:
Ընթանում է ծանր մարտերի երկրորդ շաբաթը, և իմ հայրենի Հայաստանը և Արցախը պաշտպանվում են ագրեսորներից`պաշտպանելով մեր ազգի ապրելու, մեր պատմական հողերում գոյություն ունենալու և աշխարհին հայտնի քրիստոնեական ժառանգությունն ու արժեքները պահպանելու առաջնահերթ իրավունքը:
Վերջին օրերին ռազմական գործողությունների ակտիվացման հետ մեկտեղ իսկապես ցավալի է տեսնել, թե ինչպես է ադրբեջանական զինուժը ուղղակիորեն թիրախավորում մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող դպրոցներ և մանկապարտեզներ, բնակելի շենքեր, հիվանդանոցներ և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ և խիտ բնակեցված այլ բնակավայրեր:
Կլաստերային մարտական հրթիռները բազմիցս օգտագործվում են խաղաղ բնակչության վրա հարձակման համար, որի արդյունքում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, որոնցից շատերը կմնան կոտրված կյանքերով և կոտրված ճակատագրերով: Սա այլ կերպ չի կարելի անվանել, քան ռազմական հանցագործություն: Ձեր բարձր ուշադրությանն եմ ներկայացնում, որ Արցախում ներկայիս իրավիճակը մարդասիրական աղետի եզրին է:
Ավելին, այդ ողբերգական իրադարձությունները տեղի են ունենում արտաքին տարածաշրջանային ուժերի և օտարերկրյա զինյալների անմիջական միջամտությամբ Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության հարևանության տարածքում, ինչը անվտանգության ուղղակի սպառնալիք է նաև ձեր երկրների համար: Հայաստանն ու Արցախը միայնակ են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:
Որպես Հայաստանի Հանրապետության պատմական դաշնակիցներ և առաջին հերթին`ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, ձեր միջամտությունը` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել այս կործանարար պատերազմը, ունի կարևոր նշանակություն:
Մեր երիտասարդությունը զոհվում է առաջնագծում և անդառնալիորեն վիրավորվում ՝ մեր ազգի շարունակականությանը մասնակից դառնալու փոխարեն: Իմ սրտի խորքից ես կոչ եմ անում ձեզ օգտագործել ձեր ողջ ուժը այս ողբերգությունը կասեցնելու գործում և կողմերին վերադարձնել խաղաղ բանակցությունների:
Հարգանքներով,
Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի ավագ
«Ռոմայի» ֆուտբոլիստ
UNICEF-ի բարի կամքի դեսպան»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը շարունակվում են: