Ադրբեջանի Նարդարան բնակավայրում կրոնական գործիչներից մեկի ձերբակալությունը չէր կարող հակակառավարական ակցիաների չհանգեցնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով մասնագետ Սարգիս Ասատրյանը:

Նրա համոզմամբ, զանգվածային բողոքի ակցիաները, վերջին հաշվով, կարող են ճնշվել, քանի որ ուժայի ռեսուրսները ադրբեջանական իշխանությունների ձեռքին են:

«Եթե որոշակի աջակցություն դրսից չլինի, ադրբեջանական ընդդիմությանը հազիվ թե հաջողվի հասնել նկատելի արդյունքի»,-ընդգծել է Սարգիս Ասատրյանը' ավելացնելով, որ ներկայումս աշխարհի ուժային կենտրոններին ձեռնտու չէ Ալիեւի ռեժիմի տապալումը: Նա նաեւ նշել է, որ Նարդարան բնակավայրը համարվում է իրանական ազդեցության գոտի. «Եւ, բնականաբար, ամեն տարի այնտեղ հակաարեւմտյան ակցիաներ են տեղի ունենում»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Նարդարան բնակավայրում ապրիլի 1-ին հակակառավարական ակցիա էր տեղի ունեցել: Մասնակիցները պահանջել էին ազատ արձակել նախօրեին ձերբակալված կրոնական գործիչ Թալեհ Բագիրզադեին եւ «հիջաբի կալանավորներին»: