Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
«Հատուկ կոչով դիմում եմ արցախահայ իմ զինապարտ և զենք բռնելու ունակ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր այս օրերին գտնվում են Հանրապետությունից դուրս:
Սիրելի ՛ ընկերներ
Մեր Հայրենիքն այսօր առավել, քան երբևէ բոլորիս պաշտպանության կարիքն ունի: Ձեր օջախները, պապերի գերեզմանները, ձեր զավակների ապագան անպաշտպան թողնելու առաջին հերթին բարոյական իրավունք չունեք: Եթե որևէ մեկդ մտածում եք, որ Արցախից դուրս կարող եք ապահով ապրելու և արարելու համար արժանապատիվ կյանք գտնել ձեզ և ձեր ընտանիքների համար, չարաչար սխալվում եք:
Մենք պատմականորեն բացառիկ հնարավորություն ենք ունեցել ազատ և անկախ պետականություն ունենալու, որի համար մեկ անգամ արդեն մեծ գին ենք վճարել: Սա մեր վերջին ճակատամարտն է, որն իրավունք չունենք զիջելու, որտեղ դասալքությունը հավասարազոր է դավաճանության: Այստեղ տերը մենք ենք և իրավունք չունենք ոսոխին ներս թողնելու և թույլ տալու, որ նա պղծի մեր սրբությունները:
Ուրեմն, ձեզ եմ դիմում՝ որպես հպարտ և հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահած քաղաքացիների, որպես իսկական հայրենասերների. շտապե՛ք միանալ ձեր եղբայրներին, ովքեր անսասան կանգնած են իրենց հայրենի հողի վրա, ովքեր սահմանին կանգնելով, հաց թխելով, մեքենա վարելով առաջնագիծն ու թիկունքը դարձնում են ամուր ու ավելի ուժեղ:
Ե՛տ դարձեք, քանի դեռ ուշ չէ, քանի որ բոլորիդ արարքները գնահատելու են ժողովուրդն ու պատմությունը: Անեծքի փոխարեն՝ ընտրեք օրհնության ճանապարհը:
Արցախը սպասում է բոլորիդ»: