Արցախում զոհված գնդապետ Վահագն Ասատրյանի հարազատները խնդրում են՝ ծաղկեպսակների գումարն ուղղել հիմնադրամին։ Հիմնավորում են՝ «այդպես կցանկանար Վահագնը»։

«Այսօր՝ հոկտեմբերի 14 - ին, ժամը 18:00 - ին , Քասախի մշակույթի տանը կկայանա եղբորս՝ Վահագն Ասատրյանի հոգեհանգիստը: Հերոսի կյանքով ապրեց, անմահացավ և հայրենիքի նվիրման գաղափարով էլ գնաց դեպի Աստծո հավերժ արքայություն: 

Աստվածային զավակ, անփոխարինելի ընկեր, հոգատար ամուսին, ազգի անվախ պաշտպան, ամենահրամանատար ինչպես դիմում էին իրեն իր զինվորները, նվիրված եղբայր և օրինակելի հայր իր երկու որդիներին՝ Վահեին և Վազգենին:

Կյանքն էլ առաջվանը չի լինի առանց նրա, բայց հանուն իր պայծառ հոգու պիտի ապրենք այնպես որ նա հպարտանա: Մեր հիշողություններում նա միշտ կմնա լուսավոր, ժպիտով և անսպառ հումորով:

Մեր ամբողջ ընտանիքի անունից խնդրում ենք ցանկության դեպքում ձեր կողմից նախատեսված ծաղկեպսակների և այլ ծախսերի համար օգտագործվելիք դրամական միջոցները փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Հայկական Բանակի համար նախատեսված տողով:

Այսպիսով շարունակական կլինի Ասատրյանների և Պետրոսյանների ընտանեկան ավանդույթը՝ լինել հայոց բանակի զորականի և զինվորի կողքին: Այդպես կցանկանար Վահագնը և դրանով իսկ անընդհատորեն կամրապնդվի Վահագն Ասատրյանի հերոսական սխրանքով և արյան գնով ուժեղացած Համահայկական հայոց բանակը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա քույրը՝ Մոնիկա Պետրոսյանը։

 

Հիշեցնենք, որ 2014 թվականին Հանրապետության տոնի կապակցությամբ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար գնդապետ Վ. Ասատրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։