Հայաստանի նախկին արտգործնախարար (2008-18) Էդվարդ Նալբանդյանը Armeniasputnik.am կայքում հոդված է հրապարակել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ իր պաշտոնավարման ժամանակ ձեռնարկված քայլերի վերաբերյալ՝ վերջում նշելով, որ «հենց սա է «ժառանգություն» թողնվել 2018-ի ապրիլից հետո բանակցությունները շարունակելու համար»։
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հղած ուղերձում ներկայացրել էր Ղարաբաղի հարցում իր ստացած բանակցային ժառանգությունը՝ նշելով, որ դա ենթադրում էր․ «անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չպիտի լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ: Այսինքն, տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց՝ հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը:
Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն կամ ավելի ճիշտ՝ բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձևով հարցի քննարկումից, որովհետև՝ դա անընդունելի էր»։
Էդվարդ Նալբանդյանի հոդվածը թարգմանաբար՝ ստորև․
Ադրբեջանը բանակցային գործընթացում տարիներ շարունակ առավելապաշտական դիրքեր է զբաղեցրել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կիսո՞ւմ էին Բաքվի նման մոտեցումը: Իհարկե՝ ոչ։
Ինչ է եղել 2008-2018թթ. բանակցային գործընթացում։
Համանախագահների կողմից առաջարկված և բանակցությունների առարկա դարձած բոլոր աշխատանքային փաստաթղթերը նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փաթեթային լուծում՝ կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցման փուլային իրականացմամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում Լեռնային Ղարաբաղի բնակչության միջազգային իրավական պարտադիր բնույթ ունեցող ազատ կամարտահայտությունն արտահայտող քվեարկության միջոցով: Ընդ որում, արձանագրվում էր, որ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումները ոչնչով չեն սահմանափակվելու՝ ենթադրելով ցանկացած կարգավիճակի ընտրության հնարավորություն։ Հայկական կողմն այս ամբողջ ընթացքում չի քննարկել հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ աշխատանքային փաստաթուղթ, որը չէր նախատեսի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:
Եվ պատահական չէ, որ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում ։
Այդ ընթացքում հայեցակարգային փոփոխություններ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների՝ Լ 'Աքվիլայում (2009), Մուսկոկայում (2010), Դովիլում (2011), Լոս Կաբոսում (2012) և Էնիսկիլենում (2013) ընդունված հայտարարությունները՝ որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման կարևոր հիմք, հստակ ամրագրեցին ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը, ինչը տարիներ շարունակ եղել է Երևանի դիրքորոշման անկյունաքարը: Այդ հայտարարություններում ընդգծվում է այն, ինչ դրվել է համանախագահների առաջարկած բոլոր աշխատանքային փաստաթղթերում՝ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով ։
Այն դիրքորոշումը, որով հանդես է եկել Հայաստանը տարիներ շարունակ, աջակցություն է ստացել միջազգային հանրության կողմից։
Եթե տարիներ շարունակ Ադրբեջանը պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ապա միջազգային հանրությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի Հանրապետության շուրթերով հայտարարեց, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի մեկ ամբողջություն ներկայացնող երեք սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա, և որ այդ սկզբունքներից մեկին առաջնահերթություն տալու փորձերը կխաթարեն խաղաղ կարգավորումը։
Բանակցությունների ընթացքում երեք տասնյակից ավելի էական փոփոխություններ են կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներում, որոնք կողմերին առաջարկվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2007թ. նոյեմբերին Մադրիդում:
Հայաստանը բազմիցս ընդգծել է, որ համապարփակ և երկարաժամկետ կարգավորումն անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության։ Եվ դա արտացոլված էր բանակցային գործընթացի բոլոր աշխատանքային փաստաթղթերում։
Ադրբեջանը հակամարտության կարգավորման մոտեցումներում գրեթե հակադրվել է ոչ միայն Հայաստանին, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ հրաժարվելով համանախագահների առաջարկած բոլոր աշխատանքային փաստաթղթերից։
I. 2008թ. ապրիլից մինչև 2008թ. նոյեմբերի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Մայնդորֆյան հռչակագրի ընդունումը Բաքուն փաստացի հրաժարվում էր բանակցություններ վարել Մադրիդյան փաստաթղթի՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների» հիման վրա:
II. 2008թ. դեկտեմբերից մինչև 2011թ. հունիսի 24-ը (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կազանյան գագաթաժողովը) կողմերը Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ բանակցություններ էին վարում «հիմնարար սկզբունքների» համաձայնեցման շուրջ: Կայացել են նախագահների 12 երկկողմ (Հայաստան և Ադրբեջան) և եռակողմ (Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան) հանդիպումներ, արտգործնախարարների երեք տասնյակ հանդիպումներ:
Ադրբեջանն ամեն անգամ հետքայլ է արել ձեռք բերված պայմանավորվածություններից։ Գագաթնակետը դարձավ Կազանի գագաթաժողովը, երբ, հակառակ միջնորդների ակնկալիքների, Ադրբեջանը փաստացի հրաժարվեց հիմնականում արդեն համաձայնեցված տեքստից՝ առաջ քաշելով 12 փոփոխություն։
III. 2011թ. հուլիսից (Սերգեյ Լավրովի այցը Երևան և Բաքու) մինչև 2012թ. հունվարի 23-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովը, Ռուսաստանը և համանախագահները փորձում էին համոզել կողմերին շարունակել բանակցային գործընթացը, այն վերադարձնել կառուցողական հուն՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում առկա դրույթների հիման վրա: Սակայն Ադրբեջանը հրաժարվեց դրանից։
IV. Չնայած Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ համանախագահ երկրների, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բազմիցս հնչեցրած կոչերին՝ շարունակել, արագացնել և ավարտել «հիմնարար սկզբունքների» համաձայնեցումը, Ադրբեջանը մերժեց համանախագահների առաջարկած բոլոր տարբերակները՝ հայտարարելով դրանց համաձայնեցման անօգուտ լինելու մասին և առաջարկեց անցնել անմիջապես խաղաղ համաձայնագրի մշակմանը։ Համանախագահները և հայկական կողմը կասկած հայտնեցին, որ հնարավոր է համաձայնագիր մշակել, երբ չի հաջողվում համաձայնեցնել նույնիսկ կարգավորման հիմնական սկզբունքները։
V. 2014թ․ մարտ – 2016․ Աշխատանքային փաստաթղթերը, որոնք համանախագահները պատրաստել էին 2007թ. նոյեմբերից մինչև 2011թ. հունիսը (որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների առաջին քայլ՝ նպատակ ունենալով, որ դրանց համաձայնեցումից հետո այդ հիմքի վրա կմշակվի խաղաղ համաձայնագիր, որն իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ կունենար), փոխանցվել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին՝ Վիեննա, դեպոնացնելու համար:
Ռուսաստանը և համանախագահները փորձել են վերսկսել «բարձրաձայն մտորումների մակարդակով» հանգուցալուծումներ գտնելու ջանքերը։ Կազանի գագաթաժողովում քննարկվող «հիմնարար սկզբունքների» նախագծից հետո բանակցությունների սեղանին չկար աշխատանքային փաստաթուղթ, որը կդառնար կողմերի միջև բանակցությունների առարկա։ ԵԱՀԿ-ում վերջին դեպոնացված փաստաթուղթը Կազանի փաստաթուղթն էր։ Պատահական չէ, որ Սերգեյ Լավրովը բազմիցս հայտարարել է, որ «ոչ մի փաստաթուղթ, բացի ԵԱՀԿ-ում դեպոնացված փաստաթղթերից, գոյություն չունի»։
«Լավրովի կամ որևէ այլ մեկի փաստաթուղթ չկա․․․ փնտրտուք է գնում, մտագրոհ՝ գաղափարների մակարդակով» (Ս.Լավրովի հայտարարությունը 2016թ. հունվարի 27-ին)։ Սակայն Ադրբեջանը չընդունեց հանգուցալուծումներ գտնելու նաև այս գաղափարները։ (Ամենայն հավանականությամբ, նոր աշխատանքային փաստաթուղթ կարելի է համարել Ս. Վ. Լավրովի (2020թ. ապրիլի 21-ի հայտարարությունը) կողմից 2019 թ. ապրիլին կողմերին հանձնված փաստաթուղթը, որը, նրա խոսքով, այդ ժամանակից ի վեր դարձել է բանակցությունների առարկա։ Չի բացառվում, որ դրանից հետո այլ փոփոխություններ էլ են առաջարկվել)։
VI. Ապրիլ 2016 - ապրիլ 2018. Ձախողվելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ դիվանագիտական բանակցություններում՝ Ադրբեջանը 2016թ. ապրիլի սկզբին լայնածավալ ագրեսիվ գործողություններ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ փորձելով ուժային մեթոդներով պարտադրել իր մոտեցումները բանակցային գործընթացի շրջանակներում։ Ապրիլի 5-ին Մոսկվայում բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեցին 1994-1995 թթ.զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հիման վրա հրադադարի ռեժիմի վերականգնման մասին, որից հետո համանախագահները մի քանի հայտարարություն արեցին այդ համաձայնագրերի անվերապահ պահպանման անհրաժեշտության մասին:
Բաքուն չկարողացավ հասնել ոչ ռազմական, ոչ քաղաքական նպատակների։ Վիեննայում (2016 թ. մայիսի 16), Սանկտ Պետերբուրգում (2016 թ. հունիսի 20) կայացած գագաթաժողովների արդյունքները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ հայտարարությունները, այդ թվում՝ 2016 թ. դեկտեմբերին և 2017թ. դեկտեմբերին Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությունները դրա վկայությունն են:
VII. 1. Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ողջունել է 2008-2017թթ.եռանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների՝ Հելսինկիում (2008), Աթենքում (2009), Ալմաթիում (2010), Վիլնյուսում (2011), Դուբլինում (2012), Կիևում (2013), Բազելում (2014), Բելգրադում (2015), Համբուրգում (2016), Վիեննայում (2017) արված հայտարարությունները: Հայաստանը նաև ողջունել է 2010թ. Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակում ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը: Բաքուն հրաժարվել է աջակցել այդ հայտարարություններին կամ հետագայում հետքայլ է արել։
2. Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվել է որպես բանակցությունների հիմք ընդունել եռանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հինգ հայտարարությունները, որոնք արվել են Լ' Ակվիլայում (10 մայիսի, 2009թ.), Մուսկոկայում (26 հունիսի, 2010թ.), Դովիլում (26 մայիսի, 2011թ.), Լոս Կաբոսում (19 հունիսի, 2012թ.), Էնիսկիլենում (18 հունիսի, 2013թ.): Ադրբեջանը գործնականում կարգավորման մոտեցումներում իրեն հակադրեց ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային հանրությանը։
3. Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներից, որոնք էին․
- սահմանից և շփման գծից դիպուկահարների դուրսբերում,
- միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում,
- ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում,
- հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունների հաստատում,
- 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման և դրա համախմբում,
- եռանախագահների կողմից առաջարկված կարգավորման երեք սկզբունքներին հավատարիմ մնալու հավաստմամբ՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք:
Առաջին անգամ կարգավորման երեք սկզբունքները, այդ թվում՝ ինքնորոշման սկզբունքը, հայկական դիվանագիտության ջանքերի շնորհիվ, ներառվեցին Հայաստանի և Ադրբեջանի երեք համանախագահների և արտգործնախարարների հայտարարություններում՝ 2009 թ. դեկտեմբերին Աթենքում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդում (այսինքն՝ երեք սկզբունքների տակ իր ստորագրությունը դրեց նաև Ադրբեջանը), սակայն հետագայում Բաքուն հրաժարվեց դրանից։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները վերջին տարիների ընթացքում իրենց հայտարարություններում բազմիցս ընդգծել են հակամարտության կարգավորման կարևորությունը հենց այդ երեք սկզբունքների հիման վրա։
Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի 2016թ․ հոկտեմբերի 18-ի նիստում հայտարարեց, որ միջազգային միջնորդները փակ դռների հետևում ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի նրանից համաձայնություն ձեռք բերեն Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ: Չկարողանալով բանակցային գործընթացի շրջանակներում պարտադրել իր առավելապաշտական մոտեցումները՝ Ադրբեջանը սկսեց կտրուկ քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ջանքեր գործադրել բանակցությունների ձևաչափը փոխելու համար։
Միջազգային հանրությունը և Հայաստանը սկսել էին խոսել գրեթե մեկ լեզվով՝ խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը, որը հիմնված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչման և նրա անվտանգության երաշխիքների վրա, այլընտրանք չունի։
Հոդվածի մանրամասները կարդացեք civilnet.am-ում