Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում այսօր մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով' 2013թվականն աննախադեպ տարի էր արտաքին պարտքի համար' 861 մլն դոլար, այն դեպքում, երբ 2012-ին եղել է 139 մլն, 2011-ին' 101։
«Միանգամից այսպես կտրուկ աճ, որը բյուջեի 33 տոկոսն է կազմում, ինչքանո՞վ է նպատակահարմար նման պիկը, չարժի՞ բանակցել պարտքի սպասարկման հարցում, որ ավելի սահուն լինի։ Հարթ գրաֆիկն ավելի օգտակար չի՞ տնտեսության համար և կտրուկ վերելքները վնաս չե՞ն տնտեսությանը»,- ասաց նա և նշեց, թե պարտքի նման մի պիկ էլ սպասվում է 2020 թ-ին։
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, թե 2009թ. ռուսական 500 մլն դոլար վարկը վերցնելուց հետո ընդունվել է քաղաքական որոշում՝ ռուսական վարկը սպառել 10 տարում։ «500 մլն-ով ավելացավ վարկերի սպասարկումը, մեծ տատանումը կապված է սպառման համար։ 2019-20թթ-ին իհարկե որոշակի պիկ ունենք, բայց մեր արտաքին ռեզերվների կառուցվածքը, արտաքին պահուստների կառուցվածքը համահունչ են պարտքի կառուցվածքին, թե արտարժույթի տեսակարար կշիռներում, թե ժամկետների հարցում։ Դրանք հաշվի են առնվել և բոլոր տիպի պիկերը հաշվի ենք առնում»,- նշեց նա։
Արթուր Ջավադյանը նշեց, թե 2013թ-ին ավարտելու են արտաքին ռեզերվների սպասարկման ամենաբարձր մակարդակը:
«Պատմականորեն արտաքին ռեզերվների ամենաբարձր մակարդակն ունեցել ենք 2012թ-ին»,- նշեց նա։
Հարցին անդրադաձավ նաև Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը' կարծիք հայտնելով, թե հարցն ավելի շատ կառավարությանն է վերաբերում, քան ԿԲ-ին։
«Ինչո՞ւ է այդքան մեծ ստացվել 2013-ի պարտքի սպասարկման թիվը, այն բացատրություն ունի, որ մենք ստանձնել ենք վաղաժամ մարում, 10 տարվա ընթացքում պետք է մարել ռուսական վարկը։ Իսկ իրականացվել է մարումն ի հաշիվ մեկ այլ արտաքին պարտքի, բայց ոչ պարտքի տեսքով, այլ արտաքին շուկայում պետական պարտատոմսերի վաճառքով»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն արձագանքելով նշեց, որ թե պատասխանն իրեն հիշեցրեց Պարույր Սևակի «Առաջադրանք բոլոր հաշվիչ մեքենաներին» բանաստեղծությունը։
«Փաստորեն, պարոն Ջավադյանի պատասխան ավելի հասկանալի էր։ Հասկացանք, որ կայացվել է քաղաքական որոշում և արտաքին պարտքի սպասարկման բարդությունները գցվել են 2020թ-ի վրա: Ասաց, որ եթե այսպես չանեինք, պիկը կլիներ 2014-15թթ-ը։ Եթե ճիշտ հասկացա' պետությունն առաջնորդվում է «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։ Չեմ կարծում, որ այսօրվա իշխանությունները կլինեն իշխանության 2020թ-ին և սրանով որոշվել է պարտքը հեռացնել, որ բարդություն չլինի»,- նշեց Փաշինյանը։
ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը հակադարձեց, թե ճիշտ հակառակն է արվել, ոչ թե պարտքի մարումը հետ են տվել, այլ առաջ։ Իսկ Ջավադյանը բացատրեց, թե իրենք ոչ թե ավելացրել ենք բյուջեի բեռը, այլ թեթևացրել են, իսկ քաղաքական որոշում ասելով' նա նշեց, թե նկատի ուներ, որ դրանք ուղղորդվում են տնտեսական որոշումներով։