Արդեն 20 օր է՝ հայ զինվորը, կամավորները, պետական այրերն ու ողջ հայ ժողովուրդը պայքարում են ադրբեջանաթուրքական ագրեսիայի և վարձկան ահաբեկիչների դեմ: Մեզ պարտադրված պատերազմում հայոց բանակը շարունակում է ռազմաճակատում հաղթանակներ կերտել, սակայն այդ հաղթանակները մեզ տրվում են անչափ թանկ՝ մեր հարյուրավոր եղբայրների կյանքի, արյան գնով: Այս ավերիչ պատերազմը օր առաջ կանգնեցնելու համար մեզ անհրաժեշտ է ռազմաճակատից զատ՝ լիարժեք միասնականություն ապահովել նաև թիկունքում: Այդ նպատակին հասնելու համար կոչ եմ անում անհապաղ ձեռնարկել հետևյալ քայլերը.
1) Ակտիվ գործածել Հայաստանի Հանրապետությունում առկա ռազմաարդյունաբերական հիմնարկները, քանի որ հասկանալի չէ՝ որքան երկար կարող են տևել պատերազմական գործողությունները:
2) Ներգրավվել բոլոր այն անձանց, պետական գործիչներին, ովքեր ակտիվ ներգրավված են եղել Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում և կարող են այս փուլում իրենց փորձով և գիտելիքով օգտակար լինել:
3) Բարձր գնահատելով Սփյուռքի ներուժը՝ պետք է քայլեր գործադրել դրա գործունեությունն ավելի համակարգված դարձնելու ուղղությամբ` ի նպաստ Հայաստանի Հանրապետության շահերի:
4) Պայքարն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ներգրավվել Հայաստանից դուրս ճանաչում վայելող պետական, մշակութային, հասարակական գործիչներին:
5) Ստեղծել միասնական բազա, որում ներգրավված կլինեն Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող բոլոր հայամետ գործիչները՝ ակտիվորեն օգտագործելով նրանց ռեսուրսները և կոորդինացնելով նրանց քայլերը:
6) Բոլոր նախաձեռնությունները համաձայնեցնել և կոորդինացնել Հայաստանի Հանրապետության և Արցախի Անկախ Հանրապետության պետական ու ռազմական ղեկավարության հետ:
7) Առավել զարգացնել և ամուր հիմքերի վրա դնել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական համագործակցությունը:
8) Հաշվի առնելով այս ամենը` առաջարկում եմ ստեղծել ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏ օրհասական նախաձեռնություն, որի առաջնահերթությունն ու կարգախոսը կլինի` «Ամեն ինչ՝ հանուն ռազմաճակատի, ամեն ինչ՝ հանուն հաղթանակի»:
Շարունակելի...
Հ.Գ. Պատրաստակամություն եմ հայտնում աջակցել և միանալ քաղաքական կուսակցությունների և անհատների այն նախաձեռնություններին, որոնք միտված են շուտափույթ խաղաղության և հաղթանակին, միաժամանակ կոչ անելով բոլորին դուրս գալ քաղաքական դիրքավորումներից և գործել որպես ՀՀ քաղաքացի:
Կամավորական Արման Վարդանյան