Ադրբեջանի զինված ուժերի արդեն 22 օր տևող ու չդադարող զինված հարձակումները մարդասիրական աղետ են առաջացրել ոչ միայն Արցախի քաղաքացիական բնակավայրերում, այլ նաև բոլոր այն վայրերում, որտեղ անմիջական ռազմական բախումներն են:
Արցախի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի շարունակվող թիրախային հարձակումների հետևանքով ավերվում են տներ ու կենսական քաղաքացիական ենթակառույցվածքներ, արգելված զինատեսակներից սպանվում կամ կյանքը խեղող վնասվածքներ են ստանում խաղաղ բնակիչներ: Արցախում ադրբեջանական զինված ուժերը հարձակումներ են գործում շտապ բժշկական օգնության մեքենաների ու հոսպիտալի ուղղությամբ:
22 օր անընդհատ հայտարարվում է բոլոր կողմերում գերիների, ինչպես նաև զոհերի ու դիակների մասին:
Ադրբեջանի շարունակվող ագրեսիան ոչ միայն կոպտորեն խախտում է վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների իրավունքները, այլ նաև անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ, անմարդկային վերաբերմունք է նրանց մերձավոր ազգականների նկատմամբ:
Առկա վիճակը աղետալի է նաև շրջակա միջավայրի աղտոտման, վարակիչ հիվանդությունների զանգվածային տարածման ու համաճարակների բռնկման տեսանկյունից՝ բնապահպանական աղետի վերածվելու իրական սպառնալիքով: Իսկ այս ամենն արդեն չի ճանաչում պետական սահմաններ ու վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար: Այս մասին է վկայում նաև Հայաստանի առողջապահության նախարարության մասնագիտական գնահատականը:
Այս ամենը միջազգային իրավունքի, այդ թվում՝ 1949թ֊ի Ժնևյան կոնվենցիաներում ամրագրված և սովորութային մակարդակում գործող միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջների շարունակվող հանցավոր խախտումներ են:
Միջազգային հանրությանը՝ անհրաժեշտ է իրական քայլերով անհապաղ կանխել այս վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը: Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ, ICRC) համար պետք է ապահովվի մարդասիրական առաքելության իրական և արդյունավետ հնարավորություն: