Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ժամկետային զինծառայող Մամիկոն Կասոյանն ազգությամբ եզդի էր, 19 տարեկան, Արտաշատից:
Մամիկոնի մտերիմ ընկերուհին՝ Մարիամ Հարությունյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ Մամիկոնն իր ճանաչած ամենաբարի մարդն էր. «Մամիկոնը տեղով մեկ բարություն էր: Իմ ամենաազնիվ, ամենահամեստ ընկերն էր։ Միշտ բոլորի դրության մեջ մտնում էր, բոլորին օգնում էր՝ փոխարենը ոչինչ չպահանջելով»:
Մարիամն ասում է՝ Մամիկոնին նմանեցնում էին Շիրվանզադեի «Արտիստին», քանի որ ամեն ինչին նայում էր արվեստագետի աչքերով:
«Իրենից մնացած միակ հուշը իմ ծննդյան օրը նվիրած նկարն էր։ Պինդ-պինդ պահել եմ, բայց չեմ կարողանում բացել, նայել»,- ասում է Մարիամն ու հիշում՝ թեև անընդհատ համոզում էր Մամիկոնին, որ Գեղարվեստի ակադեմիայում սովորի, բայց նա ուզում էր բարձրագույն կրթություն ստանալ. «Ընդունվեց ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետ և անմիջապես զորակոչվեց բանակ: Նոր միջավայրին հեշտ էր ընտելանում, ավելի ճիշտ, միջավայրն իրեն էր ընտելացնում. դա հատուկ է արվեստագետ-նկարիչներին»:
Թեև Մամիկոնն ազգությամբ եզդի էր, սակայն խոսում էր կատարյալ գրագետ հայերենով. «Շատ, շատ պայծառ տղա էր։ Երբ ինչ-որ մեկը տխուր էր լինում, Մամիկոնն սկսում էր կոմիկ դերասանների պարոդյան անել»,- ընդգծում է Մարիամը:
Մամիկոնը վերջին անգամ խոսել է քրոջ հետ՝ ասելով, որ ամեն ինչ լավ է:
Արփինե Հակոբյան