Ռումինայի հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը հանդես է եկել ուղերձով. «Սիրելիʹ ռումինահայեր և բուլղարահայեր,

Արդեն երեք շաբաթից ավելի է, որ հայ ժողովուրդն ապրում է իր պատմության դժվարագույն, բայց, միևնույն ժամանակ, հերոսական ժամանակահատվածում: Հայ զինվորը կենաց և մահու կռիվ է տալիս դարավոր ոսոխի դեմ, ով դարձյալ նպատակ ունի ջնջել հայությանը և ենթարկել ցեղասպանության:

Այսօր առավել քան երբևէ Արցախն ու Հայաստանը, մեր սրբություն հայրենիքը կանչում է մեզ նոր սխրագործությունների, կանչում է պատմության փառավոր նոր էջ կերտելու: Մեր քաջարի զինվորները, կամավորականներն ու աշխարհազորայինները հերոսաբար դիմադրում են թուրք-ադրբեջանական միացյալ ուժերին և միջազգային ահաբեկչական խմբավորումներին: Այսօր մենք մաքառում ենք ոչ միայն մեր ինքնության պահպանման, մեր ազգային արժեհամակարգի ու հայրենյաց սահմանների անառիկության համար, այլ նաև միջազգային հանրության լուռ հայացքների ներքո պայքարում ենք ահաբեկչության դեմ և ապահովում ենք նաև իրենց աչքերն ու ականջները գոցած միաջազգային հանրության անվտանգության համար: Այսօր մեզ է վիճակված դառնալու տարածաշրջանում խաղաղության և անվտանգության երաշխավորը:

Այսօր էլ մեր զինվորներն ու հրամանատարներն հերոսական ու աներևակայելի մարտեր են մղում թշնամու դեմ: Սակայն սա բոլորիս սրբազան պատերազմն է, սա համայն հայության գոյապայքարն է, քանզի վճռվում է հայի լինելության և չլինելության հարցը: Քանզի եթե չկա Արցախ, չկա նաև Հայաստան և Սփյուռք, եթե չկա Հայաստան, չկա ռումինահայ կամ բուլղարահայ համայնք: Ուստի սա բոլորիս պայքարն է և ճիշտ հիմա է պահը, երբ պիտի համախմբվենք և միասնական ճակատ կազմենք նենգ թշնամու և ահաբեկչական հրոսակախմբերի դեմ:

Սիրելիներ, սրբազան հայրենիքը կանչում է ինձ, ձեզ և մեզ բոլորիս: Եկեք զինվորագրվենք և մեկնենք Արցախ՝ պաշտպանելու հայոց փառապանծ բանակի թիկունքը: Ոչ միայն աղոթքով, նվիրատվություններով ու հումանիտար օգնություններով, այլ առավելևս ֆիզիկապես կանգնենք հերոս զինվորի կողքին, մարտնչենք և միասին կերտենք հայ ժողովրդի հերոսական պատմության հերթական դրվագը: Սա հայ ժողովրդի նոր Սարդարապատն է, ուր հաղթանակն անկասկած մերն է լինելու: Մեր պայքարն արդար է, իսկ Աստված միշտ արդարների կողմն է, իսկ «եթե Աստված մեր կողմն է, հետևաբար ո՞վ է մեզ հակառակ» (Հռոմ. 8. 31): Ուրեմն առաջ դեպի պայքար և դեպի հաղթանակ:

Թող Աստված օրհնի ու պահպանի Հայաստան և Արցախ Հայրենիքը մեր, քաջարի մեր զինվորներին ու հրամանատարներին»: