Բարև Ձեզ պարոն Տարոն Մարգարյան: Իմ անունը Տիգրան է, ես ծնվել եմ 1993 թվականին, ծնվել եմ Երևանում, Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկի ընտանիքում: Հայրս մահացավ հենց ծնդդյանս օրը, և մայրս, դաժան ստրեսի պատճառով ինձ լույս աշխարհ բերեց ի ծնե կույր վիճակում:
Ես մեծացել եմ սիրով և հոգատարությամբ շրջապատված, ամեն առավոտ զարթնում էի թռչունների ծլվլոցից, դուրս էի գալիս բակ, իսկ այնտեղ տարեց մարդիկ խաղում էին նարդի կամ շախմատ: Մանուկ հասակից իմ երազանքն էր դառնալ նույնպիսի մեծ շախմատիստ, ինչպես Տիգրան Պետրոսյանն էր, բայց ոչ թե նրա համար, որպիսի փառքի արժանանամ, այլ որ հնարավորություն ունենամ հպարտորեն բարձր պահեմ Հայաստանի դրոշը:
Ես երբեք չեմ տեսել, թե այն ինչպիսի տեսք ունի, սակայն երբ մայրս բերում էր Հայաստանի դրոշը և ինձ ասում էր, որ նրա համար զոհվել է իմ հայրը, իմ աչքերում արցունքներ էին հայտնվում և ես այն հպարտորեն սեղմում էի իմ կրծքին, և քանի դեռ իմ սիրտը բաբախում է, ես պայքարելու եմ այդ դրոշի համար, ինչպես իմ հայրը:
Ամեն առավոտ ես արթնանում էի և հարցնում էի մորս, թե ինչպիսի տեսք ունի Կասկադը, Մանումենտը, Օպերան, ինչպիսին է Երևանի երկինքը. Ես այդ ամենը լսում էի հարևան պատանի տղաներից, որոնք անընդհատ փախչում էին տանից' որպեսզի Մանումենտի բարձրունքից նայեն Երևանին: Մորս պատմածներով իմ մոտ ամբողջանում էր Երևանի պատկերը, և ես վստահ էի, որ մի օր կտեսնեմ իմ քաղաքը իմ սեփական աչքերով:
Ուղիղ մեկ տարի առաջ ինձ վիրահատեցին Գերմանիայում. Վիրահատությունը հաջող անցավ, հրաշք տեղի ուենցավ և ես սկսեցի տեսնել: Սկզբում շատ աղոտ, բայց այնուամենայնիվ տեսնել: Ինձ այնտեղ սովորացնում էին, թե ինչպես են կոչվում տարբեր գույները, տարբեր ձևերն ու առարկաները: Ինձ բուժեցին մեկ ամբողջ տարի. Ես ամբողջ տարին տքնեցի և ջանք թափեցի, որպեսզի ամբողջությամբ վերականգնեմ տեսողությունս և շուտ հասնեմ Երևան' դիտելու իմ երազանքների քաղաքը: Ցանկությունից խեղդվելով' ես հենց օդանավակայանից մորս ստիպեցի ինձ տանել Մանումենտ և ցույց տալ այն տեղերը, որտեղից կարելի է դիտել և զմայլվել Երևանով:
Գիտեք, Մյունխենում ինձ չէին սովորացրել' թե ինչ է աղբը: Ես մորս հարցնում էի, բայց այդպես էլ չէի կարողանում պատասխան ստանալ, թե ինչու են դատարկ տարաները, շշերը կամ անձեռոցիկները թափված քաղաքի կանաչ գոտիներում, ինչու Երևանը նման չէ այն քաղաքին, որը ես նկարում էի իմ երևակայության մեջ:
Ես հասկացա մեկ բան, պարոն քաղաքապետ. Չնայած այն բանին, որ ես կույր էի, ես տեսել էի ավելին քան Դուք: Իմ երազած քաղաքը իմ համար ավելին էր քան կյանքը, իսկ Ձեր համար այն ընդամենը բիզնես է: Ես նայում էի ԻՄ քաղաքին սև ակնոցների միջով, բայց տեսնում էի շատ կանաչ գոտիներ և շատ վառ գույներ, իսկ դուք դիտում էիք քաղաքը ձեր աչքերով, բայց կանաչ գոտին Ձեր համար բոլորովին այլ բան է. այն ընդամենը թղթի և քարտեզի վրա է, ոչ այնպիսին, ինչպիսին իմ համար էր:
Ես ամբողջ օրը լալիս էի և չէի ուզում բացել աչքերս, ես ողբում էի և ուզում էի կրկին կուրանալ, որպեսզի չտեսնեմ, թե ինչ եք արել Դուք իմ սրտի քաղաքի հետ: Ձեր պատճառով ես ուզում էի կրկին կուրանալ:
Ես տանը գտա հորս պահած դրոշը և հասկացա, որ իմ հայրը Ձեր նման խեղանդամ հրեշների համար չի զոհվել: Ես հասկացա, որ ամեն երևանցու սրտում ապրում է իսկական Երևանը, այլ ոչ այն Երևանը, որը դուք եք այլանդակում' ամբողջովին լցնելով աղբով, փոշով և կիսաքանդ փողոցներով:
Եվ մեզանից յուրաքանչյուրը, ում սրտում ապրում է Երևանը, ում սրտում է Աշխարհի Մայրաքաղաքը, պայքարելու է մեր երազանքների, մեր ինղձերի, մեր սրտի Երևանի համար:
Դուք հավանաբար շատ կցանկանայիք, որ ես կոտրվեի և հեռանայի, բայց ես այդպիսին չեմ, ես կմնամ և կհաղթեմ:
Ես ուզում եմ, որ դուք իմանաք, պարոն Տարոն Մարգարյան. Քաղաքը, որը դուք ղեկավարում եք, Ձեր ԲԻԶՆԵՍ ՊՐՈԵԿՏԸ չի, դա ԻՄ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՔԱՂԱՔՆ Է, ԻՄ ՏՈՒՆԸ, ԻՄ ՕՋԱԽԸ և ես ձեզ թույլ չեմ տա այն ծախել: Իմացեք, որ քաղաքում, որը դուք ղեկավարում եք, ապրում է փոքր բայց շատ ուժեղ մարդ, որը ցանկանում է, որ դուք կուրանաք, որպեսզի ձեզ մոտ գա ԻՍԿԱԿԱԿՆ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ:
Ամենայն ատելությամբ' Տիգրան: