ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփի, գրասենյակի ղեկավար Դենիս Սոմֆի և մի շարք ծրագրերի ղեկավարների, որոնց թվում՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի, ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչի, Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Իլոնա Տեր-Մինասյանի և ՄԱԿ-ի Խաղաղության և զարգացման հարցերով խորհրդական Նաիրա Սուլթանյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Հանրային խորհրդից։

«Հանդիպման նպատակն էր քննարկել Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ ու Թուրքիայի ռազմա-քաղաքական անմիջական աջակցությամբ Արցախի չճանաչված հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիոն պատերազմն ու դրա արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, այն կանխելու ու Արցախի բնակչությանը պաշտպանելու հարցում միջազգային կառույցների պատասխանատվությունը, անելիքները, անգամ տեսանելի անկարողությունը։

Հանրային խորհրդի նախագահի և անդամների կողմից հստակ և հատու ներկայացվեց իրավիճակի ռազմական, միջազգային/հումանիտար իրավական, սոցիալական, առողջապահական և այլ դիտանկյունները, որոնց հակազդման և/կամ կանխարգելման հարցում միջազգային կառույցների, տվյալ դեպքում՝ ՄԱԿ-ի ու նրա կառույցների արձագանքը երբեմն անհասկանալի է, երբեմն ուշանում է, երբեմն էլ՝ անբավարար է։

Շնորհակալություն հայտնելով մինչև այժմ ՄԱԿ հայաստանյան գրասենյակի իրականացրած տարբեր ծրագրերի կապակցությամբ՝ այդուհանդերձ հնչած ելույթներում, անգամ սուր կամ էմոցիոնալ քննադատություներում, անբավարար ու կործանարար համարվեց այդ փոքրիկ, չճանաչված հանրապետության ու տարածաշրջանի՝ ֆիզիկական գոյության ու ցեղասպանությունից փրկվելու պայքար մղող բնակչության հանդեպ Միացյալ ազգերի կազմակերպության կողմից պարտավորությունների ու պատասխանատվության բացակայությունը, որը քողարկվում է «մանդատի բացակայություն» ձևակերպման ներքո։ Ըստ որում՝ դա այն դեպքում, երբ պատերազմի առաջին իսկ օրվանից արձանագրվում են Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի սարսափազդու խախտումներ, քաղաքացիական բնակչության հրթիռակոծություն ու հրետակոծություն Արցախի անխտիր բոլոր բնակավայրերում, այդ թվում՝ արգելված կասետային զենքերով, մահաբեր ԱԹՍ-ներով, որոնց դեմ անպաշտպան են երեխաներից մինչև կանայք, ծերեր ու խաղաղ բնակչություն, փաստվում են ռազմագերիների հետ վերաբերմունքի անմարդկային բազում դեպքեր, հումանիտար, այն է՝ դիերի փոխանակման նպատակով հրադարար հաստատելու մերժում, մշակութային, կրթական ու ուսումնական հաստատությունների ոչնչացում և այլն։

Խորհրդի անդամների կողմից հարց բարձրացվեց, թե ինչպե՞ս կարող է Միացյալ ազգերի կազմակերպությունը սահմանափակված լինել իր առաքելությունն Արցախում իրականացնելու հարցում, երբ այնտեղ մարդիկ են մահանում, որոնց թվում նաև՝ խաղաղ բնակչությունը: Հանրային խորհրդից առաջարկություն-պահանջներ հնչեցին ՄԱԿ-ի ծրագրերը անհապաղ Արցախ հասցնելու վերաբերյալ՝ չնայելով Ադրբեջանի դիմադրությանը և ստեղծելով հատուկ մանդատ, կամ որպես նախադեպ օգտագործել Համաշխարհային փոստային միության կողմից Արցախը՝ որպես Հայաստանի Հանրապետության փոստային համակարգի մաս ճանաչելն ու փոստային առաքումներ իրականացնելը, ինչը հնարավորություն կտա նույն սկզբունքը տարածել Արցախում նաև ՄԱԿ առաքելության իրականացման համար:

ՄԱԿ գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփն ընդգծեց, որ ինքն ու իր գործընկերներն այսօր ստիպված են խոսել ներկաների հետ բավականին բարդ իրավիճակում, լիարժեք կիսում են հայ ազգի ապրումներն ու զգացմունքները, որովհետև ՄԱԿ հայաստանյան գրասենյակի՝ մոտ 300 աշխատակիցների հարազատների շրջանում ևս արդեն կան կորուստներ, ինչը ստիպում է զգալ իրավիճակի ամբողջ ծանրությունը: Նրա կողմից ընդգծվեց հատկապես այն փաստը (որը երկրորդեցին նաև ծրագրերի ղեկավարները), որ կան մանդատի տարածքային սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս իրենց մուտք գործել Արցախ և աշխատել ուղղակի հենց այնտեղից, սակայն պատրաստ են Հայաստանում համապատասխանեցնել իրենց գործունեության մասշտաբները ըստ առաջացած կարիքների: Մյուս կողմից, պատերազմական ակտիվ գործողությունների ընթացքում տեղում աշխատանքներն իրականացնելն անհնար է դառնում, սակայն գրասենյակն առավելագույնն է անում տեղեկատվությունը համապատասխան պաշտոնյաներին հասցնելու և որոշակի փոփոխությունների հասնելու համար:

Հանդիպման ընթացքում խոսվեց նաև կորոնավիրուսային համավարակի և պատերազմի պայմաններում ՀՀ փաստացի տրանսպորտային շրջափակման մեջ գտնվելու, չթույլատրված զենքերի կիրառման արդյունքում խաղաղ բնակչության կյանքին և առողջությանը սպառնացող վտանգների և բազմաթիվ այլ կարևոր հարցերի մասին: Մի շարք ելույթներ վերաբերում էին հայկական երկու պետությունների դեմ շրջափակում ու պատերազմ սանձազերծած երկրների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ ճնշումների ուժգնացմանը, ՄԱԿ-ի կողմից Արցախի անկախության ճանաչմանը՝ որպես այդ տարածաշրջանի ժողովրդի ֆիզիկական գոյության պահպանության ու Ադրբեջանի ձեռքում այլևս «պատերազմի տեղեկանքը» դարձած ՄԱԿ փաստաթղթերը (1993-94թթ․ ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերը, որոնք Ադրբեջանի նախագահը շահարկում է իր այս ցեղասպանական պատերազմի միջազգային օրինականացման համար) որպես զենք չեզոքացնելու ծայրահեղ ու միակ արդյունավետ քայլ։

ՄԱԿ ներկայացուցիչները վստահություն հայտնեցին, որ այն բոլոր կարծիքներն ու փաստարկները, որ հնչել են հանդիպման ընթացքում, հավաքագրվելու և հասցեական ուղարկվելու են ՄԱԿ կենտրոնական գրասենյակի համապատասխան բոլոր պաշտոնյաներին և գերատեսչություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ: