ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Համփշիրում նախընտրական քարոզարշավի ժամանակ անդրադարձել է ՀՀ-ի և Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց՝ Արցախի և հակամարտության հետ կապված ԱՄՆ ղեկավար կազմի հայտարարություններից այնպիսին տպավորություն է, որ դրանք միտված են ոչ թե տարածաշրջանում խնդիրները լուծելուն, այլ Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցների համակրանքը շահելուն առաջիկա ընտրություններում․ «Կարծես թե, ամեն ինչ տեղավորվում է նախընտրական քարոզարշավի ոճի մեջ, ընտրական շրջան է և հայտարարությունների հիմնական մասն արվում է դրա շրջանակներում։ Իմ կարծիքով՝ Միացյալ նահանգների դիվանագետները բավական լուրջ աշխատանք են տարել նոր հրադադարի հաստատման համար, բայց դա ԱՄՆ իշխանությունների քաղաքական վերնախավի մոտ երկրորդ, երրորդ մակարդակներում ընթացող աշխատանք է, իսկ վերնախավը՝ նախագահի ղեկավարությամբ, ավելի շատ քարոզչական գործընթաների մեջ է»,- ասաց քաղաքագետը: 

Նրա կարծիքով՝ այն, որ Թրամփը հայտարարում է, թե հայերի խնդիրները հեշտ լուծելի են, ակնհայտ է դառնում, որ ո՛չ անկախության ճանաչման, ո՛չ հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ մոտեցումները խորքային չեն։

Անդրադառնալով արդեն երրորդ անգամ Ադրբեջանի կողմից հրադարարը խախտելուն, որի մասին որոշումն այս անգամ ԱՄՆ-ի քավորությամբ էր՝ Մելիք-Շահնազարյանը նշեց՝ վստահ էր, որ այն չէր պահպանվելու․ «Ես նման սպասելիքներ չունեի, որ ԱՄՆ-ում լուրջ քաղաքական լուծումներ ու որոշումներ են լինելու։ Լավ գիտակցում եմ, որ մեր տարածաշրջանում պատերազմը կասեցնելու կամ խաղաղ գործընթացներ սկսելու իրական պոտենցիալ ունեցող միակ երկիրը Ռուսաստանն է, և լուծումներ սպասում եմ հենց Մոսկվայից։ Դրա համար հրադադարի մասին հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Ամերիկայի համար նշանակություն ունեցող PR ակցիա, որի մասին գործնականում ԱՄՆ-ում մոռացվելու է։ Տեսանք, որ իր գնահատականներում Միացյալ Նահանգները հիմնականում շարունակում է այն թեզը, որոնք տարիներ շարունակ մշակվել է Մինսկի խմբի շրջանակներում և զգացվում է, որ Միացյալ նահանգներն էլ դեմ չէ, որ այս հակամարտության կարգավորման դերակատարությունը ստանձնի Ռուսաստանը»,- նշեց Մելիք-Շահնազարյանը։

Նշենք, որ Կոսովոյի և Սերբիայի մասին խոսելիս՝ Թրամփը նշել է, որ այն վերաբերում է նաև Հայաստանին. «Այստեղ ներկա է Հայաստանը, նայեք հայերին: Նրանք հիասքանչ մարդիկ են, նրանք կատաղի կռվողներ են, և գիտե՞ք ինչ, մենք մի բան կանենք նրանց օգնելու համար: Նրանք դժվար օրեր են ապրում, բայց ես երեկ Օհայոյում էի, մենք Օհայոյում հանդիպեցինք հիանալի հայերի խմբի հետ, ովքեր դրոշով էին և իրենց ոգով: Այն խնդիրները, որոնք նրանք ունեն, մահերը, մարտերը (նկատի ունի՝ Ղարաբաղում) այդ ամբողջը կկարգավորվի: Ես կարծում եմ, որ հեշտ կկարգավորվի: Վերադարձեք և ասեք ձեր ժողովրդին, որ հարցը կլուծվի: Եթե գիտես ինչ ես անում, ապա ամեն ինչ հեշտ է, ինչպես Կոսովոյի դեպքում՝ Սերբիայում: Մենք դա արել ենք Կոսովոյի հետ. դուք կարո՞ղ եք ինձ հավատալ»,- հայտարարել է Թրամփը։

 

Սոնա Հարությունյան