«Պատերազմը պատերազմ է: Պատերազմը, հատկապես, երբ հարձակվող ադրբեջանական կողմը քաղաքացիական բնակչության դեմ սկսում է օգտագործել բոլոր տեսակի, այդ թվում և արգելված զինատեսակներ, տառապանքների, կորուստների և մարդկային ողբերգությունների մասին է' լինի դա 90-ականներին, 2000-ականներին, 2016-ին, թե 2020-ին: Պատերազմը կամ բիրտ ուժի կիրառումը երբեք լուծում չէ և չի էլ կարող լինել: Հակառակը՝ այն ավելի շատ բռնություններ և փակուղային իրավիճակ է ստեղծում, և փաստորեն, ադրբեջանական կողմը ի վիճակի չեղավ հասկանալ և ընդունել այդ իրողությունը 80-ականների վերջին և հիմա էլ փորձում է Արցախի հիմնախնդիրը լուծել' օգտագործելով հայերի էթնիկական զտման և բնաջնջման քաղաքականությունը»:
Սա նախագահ Արմեն Սարգսյանի վերջին հարցազրույցներից մեկում հնչած մտքերից մեկն է, որը, կարծեք, բնութագրում է արցախյան հակամարտության մեջ ադրբեջանական բիրտ տրամաբանությունը և վայրագ փիլիսոփայությունը՝ սկսած հակամարտության առաջին օրից մինչև այս պահը, երբ թշնամին, ակնհայտ կամ քողարկված, ի ցույց է դնում իր հեռահար մտադրությունները, այն է՝ տիրանալ Արցախին և չթողնել այնտեղ և ոչ մի հայ: Սա նաև պատերազմ և վայրագություններ սանձազերծած Ադրբեջանի և նրան քաղաքական և ռազմական աջակցություն տրամադրող և օժանդակող Թուրքիայի վարքագծի նկարագիրն է, որը սակայն բանակցային մոտ 25 տարվա ընթացքում հայկական կողմի մոտ չառաջացրեց համապատասխան արձագանք, քաղաքական, ռազմական, տնտեսական և դիվանագիտական ադեկվատ և իրողություններից բխող դիրքավորում:
Անկախությունից և հատկապես՝ 94 թվականի զինադադարից հետո Երևանը և Ստեփանակերտը պետք է լծված լինեին մի շարք ուղղություններով ինտենսիվ և քրտնաջան աշխատանք տանելուն: Այդ ջանքերը և գործողությունները պետք է առարկայորեն բյուրեղանային և արտահայտվեին' (1) Ուժեղ, մրցունակ և ժամանակակից տնտեսության և ռազմական արդյունաբերության զարգացմամբ; (2) Ժամանակակից և մարտունակ բանակի ձևավորմամբ; (3) Արդյունավետ կառավարմամբ; (4) Պետական ինստիտուտների կայացմամբ, դրանց արդյունավետ և համակարգված փոխգործակցությամբ և դիմակայունության աստիճանի բարձրացմամբ; (5) Ժողովրդագրական խնդիրների արդյունավետ կառավարմամբ; (6) Արցախյան հիմնախնդրի մասով հստակ տեսլականի և քաղաքականության մշակմամբ; (7) Հայաստան-Սփյուռք կապերի և հնարավորությունների քարտեզագրմամբ և ցանցային մոդելավորմամբ; (8) Տեղում մրցունակ կադրերի հավաքագրմամբ, պատրաստմամբ և արտերկրից մասնագետների նեգրավմամբ; (9) Գիտությունների կիրառականության և արդյունավետ կրթության ներդրմամբ; (10) Բարձր և ինովացիոն տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության և տիեզերական բնագավառներում առաջխաղացմամբ; (11) Նորարարության ձևավորման խթանմամբ; (12) Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ և զարգացմամբ, և այլն:
Այստեղ երևի շատերը փնտրեցին, բայց չգտան արտաքին ոլորտին կամ դիվանագիտությանը վերաբերողը կետը: Այո՛, հենց պրո-ակտիվ դիվանագիտությանը և բազմակողմանի (և ոչ՝ իմիտացիոն) արտաքին քաղաքական դաշտին վերաբերող աշխատանքն է, որ ի շարս վերը նշած կետերի, մեծ ազդեցություն ունի թե՛ Հայաստանի զարգացման, և թե՛ հատկապես ղարաբաղյան հակամարտության հայանպաստ լուծման համատեքստում: Այս օրերին, երբ շատերն ակնկալում են Ադրբեջանի ագրեսիայի մասով այս կամ այն գերտերության դատապարտումը կամ հրադադարին ուղղված ջանքերի արդյունավետությունը, ակամայից բախվում են մի իրողության, որն էլ առաջ է բերում մի պարզ, տրիվիալ հարց՝ արդյո՞ք ամեն ինչ է արվում կամ արվել է արտաքին քաղաքական ոլորտում, որպեսզի դիվանագիտական նժարը թեքվի մեր կողմը: Արդյո՞ք 30 տարվա ընթացքում կարողացել ենք մեծացնել մեր բարեկամների և դաշնակիցների ցանկը, որոնց հետ կարող ենք ունենալ ընդհանուր շահեր կամ հետաքրքրություններ: Կարողացե՞լ ենք չեզոքացնել Ադրբեջանի՝ բազմաթիվ երկրներում և միջազգային կառույցներում տարվող հետևողական աշխատանքը, որը բնորոշել ենք որպես «խավիարային դիվանագիություն» և համարել ենք, որ դա բավարար է: Քանի՞ մեդիառեսուրսի հետ ենք ձեռքբերել պայմանավորվածություններ հայկական տեսակետները ներկայացնելու և առաջ տանելու համար: Թե՞ մարդիկ դեռ մտածում են, որ նման հարցերը լուծվում են ԱՄՆ կամ այլ երկրների քաղաքներում ճանապարհները և մայրուղիները փակելով: Այս հարցերն ունեն տարբեր պատասխաններ՝ կախված այն բանից, թե ով է պատասխանում՝ ԱԳՆ ներկա կամ նախկին պաշտոնյան, փորձագետը, ներկա կամ նախկին իշխանության ներկայացուցիչը, զինվորականը, սփյուռքի ներկայացուցիչը, շարքային քաղաքացին: Ինչպիսին էլ լինեն այդ պատասխանները, 30 տարվա առարկայական ձեռքբերումները դիվանագիտական դաշտում շատ չեն, և հատկապես սեպտեմբերի 27-ին հայության դեմ սանձազերծած պատերազմի այս օրերին ի հայտ են գալիս արտաքին դաշտում տարիների բացթողումները՝ համեմված ադրբեջանամետ նարրատիվներին հակազդելու ցածր մակարդակով, դեսպանությունների (բացառությամբ մի քանիսի) կրավորական աշխատելաոճով, անհիմն մեծամտությամբ, սեփական տեղը և նշանակությունը գերագնահատելով և այլոց թերագնահատելով:
Երբ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Թրամփը խոսեց Հայաստանի և հայերի մասին, և նաև հիշեց Կոսովոն և Սերբիան, սոցիալական ցանցերում և նաև դիվանագիտական շրջանակներում մեծ ոգևորություն առաջացավ: Շատերը համարեցին, որ դա ազդակ է Թրամփի կողմից՝ ճանաչելու Արցախի անկախությունը կամ հաստատելու երկարաժամկետ խաղաղություն: Միգուցե Թրամփը հենց դա նկատի ուներ, միգուցե և՝ ոչ: Իսկ ո՞վ է հայկական կողմից աշխատում Սպիտակ Տան վարչակազմի հետ այդ հարցերը պարզելու համար: ԱՄՆ-ում մեր դեսպա՞նը: Ո՛չ: Վաշինգթոնում գրանցված հայկական լոբբիստական կառույցնե՞րը: Ո՛չ կամ մասամբ: Ինչ-որ փորձագետնե՞ր կամ քաղաքական գործիչնե՞ր: Ո՛չ կամ միայն անհատական նախաձեռնությունների մակարդակում: Նույնը կարելի է ասել նաև այլ ուժային կենտրոնների և նրանց մայրաքաղաքների մասով: Հարցն այն է, որ նման մակարդակում և նման բարդության հարցերը չեն քննարկվում կամ առավել ևս լուծվում ազդակների կամ ակնարկների տիրույթում: Մեր ԱԳՆ-ի ընդհանուր աշխատանքը, Արտգործնախարար Մնացականյանի այցը Մոսկվա և Վաշինգտոն, ինչպես նաև՝ Ֆրանսիայի դիվանագիտական ջանքերը շատ գնահատելի են, սակայն բավարար չեղան և չեն էլ կարող լինել: Անհրաժեշտ են տետատետ ինտենսիվ հանդիպումներ և խորքային քննարկումներ որոշում կայացնողների հետ՝ հստակ բացատրելով քո դիրքորոշումները, բացատրելով նաև դիմացինի շահերը և ռիսկերը, և այդ ամենը մեր շահերը հաշվի առնելով, դիմացինին ինչ-որ բաներ առաջարկելով և հասնելով նրան, որ դիմացինը սկսի աստիճանաբար գործել Ադրբեջանի շահերին հակառակ տրամաբանության մեջ:
Այս համատեքստում, ինչո՞ւ օրինակ քնեցնել կամ չօգտագործել նույն Արմեն Սարգսյանի ներուժը, դիվանագիտական փորձառությունն ու հոտառությունը, նրա ցանցային կապերը և միջազգային հեղինակությունը, մտքի ճկունությունը և բանակցային բարդ և շատ հաճախ որոշիչ արվեստի նրբություններին տիրապետելու հանգամանքը: Սա և հռետորական, բայց և միևնույն ժամանակ ուղիղ հարց է: Արմեն Սարգսյանն այս օրերին հասցրեց հարցազրույցներ տալ աշխարհի հարյուր միլիոնավոր լսարան ունեցող մի շարք ամենահեղինակավոր լրատվամիջոցներին: Անձնական հատուկ նամակներ հղեց արաբական աշխարհի լիդերներին: Կատարեց մի շարք կարևոր և արդյունավետ այցելություններ Բրյուսել և Փարիզ: Հայ-ադրբեջանական հակամարտության մեջ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գործընկեր և դաշնակից Թուրքիայի դերակատարության սանձման և ջիհադիստ վարձկանների ներգրավման հանգամանքը մերկացնելու առումով շատ կարևոր էր նրա հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, ինչպես նաև՝ հանդիպումները ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Այս ամենի մեջ առանձնացավ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպումը, որն էլ, ըստ շատերի, նպաստեց, որպեսզի Մակրոնն իր դեսպանին հետ կանչի Թուրքիայից, որի անհավասարակշիռ նախագահն արդեն հասցրել էր անձնապես վիրավորել Ֆրանսիայի նախագահին:
Մենք պետք է գիտակցենք, որ հապաղելու ժամանակ չունենք: Այսօր, ինչպես և միշտ էլ, բոլորս գտնվում ենք միևնույն նավակի մեջ, որի անունն է հայոց պետականություն՝ Հայաստանով, Արցախով և Սփյուռքով: Այդ նավակը կարիք ունի արդյունավետ նավավարների, հմուտ դիվանագետների, հեռատես ստրատեգների: Այսօր պետք է օգտագործել բոլորի և յուրաքանչյուրի ներուժը, որպեսզի վաղն արդեն ուշ չլինի: