Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը շատ հայորդիների ոտքի հանեց։ Նրանց շարքերում էր նաև կամավոր սկզբունքով ռազմաճակատ մեկնած Արտակ Ղազարյանը: Նա «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի սան էր և, ունենալով համապատասխան պատրաստվածություն, հրամանատար Կորյուն Ղումաշյանի հետ կազմավորել էր կամավորական ջոկատ և մեկնել ռազմաճակատ:

Արտակը 38 տարեկան էր, ամուսնացած, ունի 2 որդի: Արտակի մայրը՝ Արմենուհի Պալճյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ տղան տիպիկ հայ տղամարդու բնավորություն ուներ. «Ընտանիքի նկատմամբ շատ պահանջկոտ էր, խիստ, բայց միևնույն ժամանակ բարի ու հոգատար: Ավագ որդին շատ ծանր է տանում հոր մահը, անընդհատ լուռ է, չի շփվում մեզ հետ, իսկ փոքրը պարծենում է, որ հերոս հայր ունի»:

Արտակի հետ ռազմաճակատ է մեկնել նաև եղբայրը: Քույրը պատմում է, որ Արտակը շատ էր վախենում եղբոր կյանքի համար ու փորձել է միշտ նրան պահել իր տեսադաշտում. «Արտակը, կարծես, զգում էր, որ հետ չի գալու ու եղբորս հանգստացնում էր՝ ասելով. «Մեզանից մեկն է տուն գալու, բայց դու մի՛ վախեցիր, հանգիստ եղի՛ր»: Արտակը շատ քաջ էր, շատ արագ էր կողմնորոշվում դժվար պահերին: Կռվում էր անձնվիրաբար՝ իրեն նետելով մարտերի ամենաթեժ վայրը»:

 

Արտակի վերջին նամակի հասցեատերը եղել է կինը, որում խոստացել է անպայման վերադառնալ:

«Արտակը հերոսաբար զոհվել է իր մարտական ընկերոջ՝ Վաչագան Գինոսյանի հետ կանգնեցնելով թշնամու տանկերի առաջխաղացումը ու փրկելով ընկերների կյանքը: Դեպքը տեղի է ունեցել մյուս եղբորս աչքի առաջ, նա կանտուզիա է ստացել, հիմա բուժվում է»,- ասաց Արտակի քույրը:

Վերջինս պատմում է, որ իրենց մայրը ևս ցանկություն է հայտնել ռազմաճակատ մեկնելու, բայց եղբայրներին հաջողվել է համոզել և հետ պահել նրան այդ քայլից:

 
Արտակը եղել է ջոկատի հրամանատար և հետմահու պարգևատրվել «Արիության համար» շքանշանով: Արտակ Հովհաննեսի Ղազարյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» պանթեոնում: