19-ամյա Գավրուշա (Կոլյա) Խաչատրյանը ոչնչացրել է երկու տանկ, սպանել մի խումբ ադրբեջանցիների՝ փրկելով ընկերների կյանքը:
Գավրուշան բանակ էր զորակոչվել 2019 թվականի հուլիսի 26-ին՝ «Ես եմ» ծրագրով: Ծառայում էր Մարտունի 3-ում, սակայն պատերազմի օրերին հերոսաբար կռվել է Մարտունի 2-ում:
Հերոսի զոհվելու մասին հարազատներն իմացել են նրա ընկերներից մեկի միջոցով. «Վիրավոր ընկերներից մեկը, որը ևս առաջնագծում էր, պատմել է, որ այնտեղից շատ քչերն են հետ եկել, սակայն բոլորն էլ տեսել են Գավրուշայի հերոսությունները: Վիրավոր տղաներից մեկին տեղափոխել են ու չեն նկատել, որ եղբայրս էլ է վիրավորվել. կռվել է մինչև վերջին շունչը»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմում է Գավրուշայի քույրը՝ Հասմիկ Խաչատրյանը:
Գավրուշան վերջին անգամ հարազատների հետ խոսել է զոհվելուց մեկ օր առաջ՝ նոյեմբերի 2-ին. «Երեկոյան զանգեց, չէր խոստովանում, որ թեժ մարտեր են ընթանում: Ինքը մշտապես բարձր տրամադրություն ուներ, բանակ գնալիս էլ ժպիտը դեմքին էր, բայց այդ օրը զգում էինք, որ տխուր էր: Կրակոցների ձայներ էինք լսում, բայց ասում էր՝ ամեն ինչ լավ է»,- նշում է Հասմիկը:
Քույրը եղբոր մասին չի կարողանում խոսել անցյալ ժամանակով, ասում է՝ որովհետև ինքը կա ու ներկա է ամենուր. «Մենք 3 երեխա ենք, մեզանից ամենահանգիստ ու լուրջ բնավորության գծերն ունի հենց Կոլյան: Նույնիսկ անծանոթները չէին հավատում, որ 19 տարեկան է, որովհետև նա իր հասակակիցների համեմատ ավելի հասուն է»:
Գավրուշան սիրել է խոսել ապագայի և իր ծրագրերի մասին, երազել՝ մեծ գործեր ձեռնարկելու մասին: Խաչատրյանների տան լույսն էր հերոսը, բոլորից տարբերվող ու յուրահատուկ:
«Ինձնից փոքր է, բայցև, ինձնից մեծ ու խելացի, իրեն միշտ ուրիշ կերպ ենք հասկացել ու ընդունել: Իրար հետ մտերիմ ենք, թեև խիստ եղբայր է, բայց միշտ կարողացել է շատ լավ հասկանալ ինձ»,- ասում է Հասմիկը:
Նոյեմբերի 3-ից ընտանիքի անդամները Գավրուշայի մասին լուր չեն ունեցել, փնտրել են նրան բոլոր հնարավոր և անհնար եղանակներով, սակայն գտել՝ օրեր առաջ. «Մի քանի անգամ Արցախ գնացինք, ՊՆ դիմեցինք, թեժ գիծ զանգեցինք, որից հետո միայն եղբորս անունը հայտնվեց անհետ կորածների ցանկում: ԴՆԹ պատասխաններով հաստատվեց, որ եղբայրս զոհվել է, հուղարկավորությունը տեղի ունեցավ հունվարի 6-ին»:
Ընտանիքի անդամները ցավով են նշում, որ 11 ամիս չէին տեսել իրենց Կոլյային, բայց, գոնե, վերջին անգամ տեսնելու հնարավորություն էլ չունեցան...
Արփինե Հակոբյան