ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տարբեր երկրներում ապրող հայերին կոչ է անում շատ զգույշ լինել և չտրվել թուրքերի և ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին:
Մարուքյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցներում:
«Ուզում եմ կոչով դիմել տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցներին՝ լինել հնարավորինս զգույշ, չտրվել թուրք-ադրբեջանական որևէ սադրանքի»,- ասաց Մարուքյանն ու հիշեցրեց հոկտեմբերի 28-ին Ֆրանսիայում տեղի ունեցած միջադեպը, երբ դանակով ու մուրճով զինված թուրքերը հարձակվել էին խաղաղ հայ ցուցարարների վրա:
Գիշերը Ֆրանսիայում թուրքերի ամբոխը դուրս է եկել փողոցներ՝ փնտրելով հայերին, սպառնալիքներ հնչեցնելով: «Ընդհանրապես չի կարելի կոնֆլիկտը ճակատամարտից տեղափոխել այլ վայրեր: Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին շատ զգույշ լինել և ձեռնպահ մնալ որևէ գործողությունից, որը կարող է հանգեցնել բախման: Պատերազմի մեջ ենք, պատերազմն ընթանում է ռազմաճակատում, դրանից դուրս մենք չենք կարող վտանգել հայության խաղաղ կենսակերպը»,- ասաց ԼՀԿ ղեկավարը: