«Մերօրյա հերոսները». Ռուստամ Գալստյան․․․
Դժվար է այս պայծառ տղայի մասին խոսել անցյալ ժամանակով…
Սեպտեմբերի 27-ին սկսված և արդեն ավելի քան մեկ ամիս տևողությամբ պատերազմի հետևանքով, ցավոք, զոհվեցին նաև ապագա բժիշկներ: Նրանց մի մասը զինվորական ծառայություն էր անցնում, մի մասն էլ ինքնակամ է մեկնել առաջնագիծ՝ հայրենիքը պաշտպանելու համար:
Ռուստամ Գալստյանը մեկն է այն հերոսներից, ով հայրենիքի պաշտպանության գործում կյանքը չխնայեց: Ռուստամ Գալստյանը ծնվել է 2001 թվականին Ջերմուկում։ 2 տարեկան հասակում ընտանիքով տեղափոխվել են Երևան։
Սովորել է Երևանի թիվ 142 ավագ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է «Քվանտ» վարժարանում: Կրթական այս հաստատությունը նրան լավագույն շրջանավարտներից է համարում: ԵՊԲՀ ուսանողը հետաքրքիր նախասիրություններ ուներ: Վաղ տարիքից սկսել է զբաղվել բիթբոքսով և այդ ասպարեզում գրանցել է լուրջ հաղթանակներ։ 2016 թվականին կայացած Հայաստանի բիթբոքսի առաջնությունում գրավել է 2-րդ պատվավոր հորիզոնականը, իսկ 2018-ին՝ 3-րդ։
Ստոմատոլոգիական ֆակուլտետում մեկ տարի սովորելուց հետո Ռուստամ Գալստյանը զորակոչվել է բանակ:
«Յուրաքանչյուր զինվորի, երիտասարդի կորուստը ցավ է բոլորիս համար: Խորապես ցավում եմ և ցավակցում եմ նրանց ընտանիքներին և հարազատներին»,- ասում է Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը:
Նա անհատապես ճանաչել է հանուն հայրենիքի կյանքը զոհած բոլոր սովորողներին:
Նշում է, որ շատ դժվար է այս լուսավոր երիտասարդների մասին խոսել անցյալ ժամանակով…
ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Անուշիկ Գասպարյանի խոսքով՝ Ռուստամի մասին կարելի է անվերջ խոսել: «Նա մեր խմբի ուրախությունն էր, եզակի անհատականություն: Միասին ավարտել ենք Ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին կուրսը: Նրա ծառայությունը վեց ամսով հետաձգվել էր. բանակ է գնացել առաջին կուրսն ավարտելուց հետո»,- պատմում է համակուրսեցին՝ ավելացնելով, որ զինվորական ծառայության մասին խոսելիս երիտասարդ մարտիկը հպարտությամբ ասել է, որ բանակ է գնալու և վերադառնալու է, իսկ կուրսընկերները չեն էլ հասցնի կարոտել իրեն: «Ցավոք գնաց ու հավերժ զինվոր մնաց»,- ասում է կուրսընկերուհին:
Ընկերոջ մասին խոսելը հեշտ չէ, բայց չի կարող չնշել, որ Ռուստամն իր դրական էներգետիկան է փոխանցել բոլորին: Միշտ լավ տրամադրությամբ է հաղորդակցվել մարդկանց հետ, սիրել է կատակել:
Ռուստամը նվիրված ընկեր էր և ծնողասեր զավակ, նրան հիշելու են միայն լավ ու դրական հիշողություններով: