Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող որոշ գործողություններ քաղաքակիրթ աշխարհում ունեն շատ կոնկրետ իրավական ձևակերպում. միջազգային հումանիտար իրավունքում դրանք կոչվում են պատերազմական հանցագործություններ։ Ներկայումս հայկական կողմը փաստագրված ապացույցներով ներկայացնում է այդ գործողությունները՝ խաղաղ բնակչության թիրախավորումից մինչև վերջիններիս նկատմամբ նպատակամղված կասետային զենքի կիրառում, վարձկան ահաբեկիչների օգտագործում իրենց անկախության համար պայքարող ժողովրդի նկատմամբ և այլն։ Բոլորիս՝ այդ թվում աներևույթ «միջազգային հանրության» համար ակնհայտ է, թե թուրքա-արաբա-ադրբեջանական այս արկածախնդրությունը ինչպիսի ապտակ է քաղաքակիրթ աշխարհին։ Այնուհանդերձ, հրեշավոր հանցագործությունների այս համակցությունը պետք է կետ առ կետ իրավաբանորեն ձևակերպել, որոնք հետո դրվելու են միջազգային քրեական տրիբունալի փաստահավաք հանձնաժողովի առջև։
Ադրբեջանը շարունակում է պետական ահաբեկչություն իրականացնել ոչ միայն Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչության, այլ նաև սեփական ժողովրդի նկատմամբ: Խաղաղ բնակչության թիրախավորումը, մշակութային և կրոնական հաստատությունների թիրախավորումը, ծննդատների և դպրոցների թիրախավորումը՝ սա է Իլհամ Ալիևի պետական ահաբեկչության դեմքը: Բացի այդ, ֆոսֆոր պարունակող հրկիզող զինամթերք է կիրառվել Արցախի բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառապատ տեղանքներում, որտեղ հարակից գյուղերի խաղաղ բնակչության մի մասը ժամանակավորապես պատսպարվում է ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություններից։ Ֆոսֆոր պարունակող զինամթերքի կիրառումը խախտում է բոլոր գրված և չգրված միջազգային կոնվենցիաները:
Բացի վերը նշվածից, Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանի թեթև ձեռքով պետական ահաբեկչություն է իրականացնում նաև սեփական երկրում ապրող քաղաքացիների նկատմամբ: Ադրբեջանում բնակվող թալիշ ակտիվիստները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրմամբ և թալիշներին ռազմաճակատ ուղարկելու Ադրբեջանի կառավարության համակարգված ջանքերով։ Նրանք հայտարարություն են տարածել, որը հրապարակվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Թաշիստան» մեդիային պատկանող էջում։ Թալիշ ակտիվիստները նշել են, որ, պաշտպանելով Կովկասի ժողովուրդների միջև բարեկամությունն ու եղբայրությունը, հարգում են միջազգային նորմերը' կապված իրենց ճակատագիրը տնօրինելու ժողովուրդների իրավունքի հետ: «Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, քանի որ դա կհանգեցնի միայն խնդիրների գալիք սերունդների համար։ Մենք չափազանց մտահոգ ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից թալիշներին մարտի դաշտ ուղարկելու քայլերով, թալիշների շրջանում զոհերով և հայերի նկատմամբ ատելություն սերմանելու ջանքերով: Թալիշների մեծ մասը դժգոհ է այս իրավիճակից: Մի կողմից, Ադրբեջանի կառավարությունը ճնշում է խոսքի ազատության ցանկացած դրսևում երկրում: Մյուս կողմից, դա շահարկվում է կառավարության հետ սերտ կապեր ունեցողների կողմից' ցույց տալու, որ թալիշների մեջ ատելություն կա հայերի նկատմամբ: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերջապես վերջ դնել թալիշների շրջանում ատելություն սերմանելու քաղաքականությանը։ Մենք կոչ ենք անում թալիշներին չտրվել ատելության քարոզչությանը: Մենք նրանց կոչ ենք անում խուսափել բախումներին մասնակցելուց: Մեր պատմության ընթացքում երբևէ հակառակորդ չենք եղել որևէ ժողովրդի և կշարունակենք այս ճանապարհը»,-նշել են նրանք իրենց հայտարարության մեջ։
Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները զգում են էթնիկ խտրականությունը և մոբիլիզացիայի անվան տակ նույնիսկ ցեղասպանությունը՝ Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների ֆոնին: Հոկտեմբերի 29-ից արգելվում է Ադրբեջանի Լենքորան քաղաքի, Ջալիլաբադ և Մասալա շրջանների ելումուտը, որտեղ բնակչության մեծ մասը թալիշներ են: Հայտարարվել է կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառի մասին, մինչդեռ ավելի վաղ հայտարարվել էր, որ այդ շրջաններում վրդովված են տեղացի բնակչության ուժային մեթոդներով զորահավաքից: Զորահավաքից հրաժարվելու թալիշների բազմաթիվ փորձեր դաժանորեն ճնշվել են: Շատ վկայություններ կան այն մասին, որ թալիշներին, լեզգիներին ու ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներին ուղարկում են ռազմաճակատի առավել վտանգավոր հատվածներ՝ նրանց դարձնելով «թնդանոթի մսացու»: