Այսօր հերթական անգամ կառավարության նիստը տեղի չունեցավ։ Թեև պատերազմի սկսելուն պես նիստերը չեն կայանում, սակայն կառավարության որոշումներ բաժնում պարբերաբար թարմացումներ են լինում։ Թե ինչ ձևաչափով են անցկացվում նիստերը, փորձեցինք պարզել կառավարությունից։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն ասաց, որ ռազմական դրությունից ելնելով' նիստերը տեղի ունենում են հեռավար կարգով․ «Օրենքին համապատասխան նաև հեռավար կարգով քվերակություն է կազմակերպվում և կառավարության անհրաժեշտ որոշումներն ընդունվում են։ Կառավարության որոշումներ բաժնում մշտապես տեղադրվում են նոր որոշումները, որոնք ընդունվում և հաստատվում են հեռավար քվեարկությամբ»,- նշեց նա։
Հետաքրքրվեցինք՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցություն ունենո՞ւմ է նիստերին և որոշումների ընդունմանը, Խաչատրյանը պատասխանեց․ «Հավանաբար իրեն զեկուցվում են բոլոր որոշումների անհրաժեշտության մասին, կլինեն որոշումներ, որտեղ նաև իր քվեարկությունը կլինի»,- ասաց Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը։
Նկատենք, որ կառավարության նիստի օրակարգ բաժնում ևս թարմացումներ չեն լինում և քննարկվելիք հարցերի մասին չեն տեղեկացնում։ Ստացվում է՝ կառավարությունը հարցերը գաղտնի քննարկում և որոշումներ է ընդունում։
Նշենք, որ կառավարության վերջին նիստը բնականոն ձևաչափով տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին։