Այս աշնան տերևաթափը շատ ցավոտ էր..․ Մի քիչ շուտ սկսվեց..․ Տերևներ կային՝ դեռ կանաչ էին, ծառից պոկվելու ժամանակը չէր դեռ..․ Սա ամենացավոտ աշունն էր։ Այս անգամ աշունը շա՜տ տխուր էր..․ Այս անգամ տերևաթափը շատ ուրիշ էր. տերևն իր ծառից երկինք բարձրացավ՝ կռվում զոհվեց 19-ամյա Հարութ Հովհաննիսյանը։
«Մեր տան արևն էր Հարութը՝ բոլորին հասնող, օգնող, բոլորիս ժպիտ պարգևող։ Ես ու Հարութս մի տան մեջ ենք մեծացել։ Չնայած այն հանգամանքին, որ հորեղբոր երեխաներ ենք, այնուամենայնիվ, մեր մեջ տարանջատում չի եղել․ հարազատ եղբեր պես է եղել Հարութը։ Հասուն մարդու պես էր մտածում Հարութս։ Մի քայլ անելուց առաջ շատ երկար մտածում էր, իր բոլոր հարցերը կարողանում էր քննարկել իր մայրիկի ու հայրիկի հետ, անգամ խորհուրդներ էր տալիս։ Եղբոր համար իսկական մեծ ԵՂԲԱՅՐ էր»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Հարութի մասին պատմում է հորեղբոր աղջիկը՝ Տաթև Հովհաննիսյանը։
Հարութը Վայոց ձորի մարզից էր, տան ավագ որդին։ 4 տարեկանից եղել է Վայքի «Անուրջներ» պարային համույթի սան, հաճախել է շվիի դասերի, մասնակցել Վայքում կազմակերպված բոլոր միջոցառումներին։ 15-16 տարեկանում Հարութը ջոկատավար է եղել ճամբարում։ Ակտիվ կյանքը չի խանգարել Հարութին լավ սովորել դպրոցում, ունենալ սովորելու ձգտում․ մասնակցել է տարբեր օլիմպիադաների, սեմինար-քննարկումների, «Հայ ասպետ» նախագծին, ունի շատ պատվոգրեր ու հավաստագրեր։
Հարութը սովորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կառավարման ֆակուլտետում։
«Համալսարանում Ուսանողական խորհրդի անդամ էր, իրեն «КВН-ի Հարութ» կամ «Մարքեթինգի Հարութ» էին անվանում։ Անգամ համալսարանում այս կարճ ամիսների ընթացքում հասցրել էր ձեռք բերել դասախոսների և ուսանողների սերն ու հարգանքը։ Շատ շուտ էր մտերմանում, հումորի մեծ զգացում ուներ, իր ուրախ տրամադրությամբ վարակում էր բոլորին։ Խնջույքներին սիրում էր պարել, ուրախանալ ու ուրախացնել բոլորին։ Ամեն առիթի ուշադիր էր Հարութս, տոներին, ծնունդներին զանգում էր, շնորհավորում, նվերներ ուղարկում՝ անգամ բանակից։ Սիրում էր լինել տարբերվող»,- պատմում է Տաթևը։
Կյանքով լեցուն Հարութը տաղանդավոր էր ամեն հարցում․ ուներ դերասանական շնորհ, բացի այդ` ստեղծագործում էր։ Անավարտ գիրք ունի գրած․․․ նաև բանաստեղծություններ էր գրում, վերջինը եղել է բանակ զորակոչվելուց 4 օր առաջ։
«Չէր սիրում տրտնջալ, երբեք չի բողոքել, անգամ, պատերազմից։ Միշտ ուրախ էր, ասում էր՝ ամեն ինչ լավ է լինելու, շուտով պատերազմը կավարտվի ու կգամ։ Շատ Աստվածահավատ էր, Աղոթագիրք ուներ գրպանում, խաչն էլ միշտ պարանոցին էր»,- ընդգծում է Տաթևը։
Հարութը բանակ էր զորակոչվել հունվարի 21֊ին, անմահացավ ուղիղ ինը ամիս հետո՝ հոկտեմբերի 21֊ին։ Հերոսը կարոտով թողեց բոլորին․ ինն ամիս չէին տեսել իրենց լուսավոր Հարութին․ «Բոլորս անհամբեր սպասում էինք, թե երբ է վերջանալու այս ամենը, որ մեր զինվորը տուն գա, բայց... անսահման էինք կարոտել բոլորս մեր Հերոսին, բայց չհասցրինք տեսնել»։
Հարութը մարտում միակ զոհված հերոսը չէ, բայց հարազատները կորցրին իրենց Յուրահատուկին ու Ամենաթանկին։
Ուզում եմ ես խոսել քեզ հետ,
Ես, որ երկար սպասել եմ քեզ,
Դու, որ երբեք չես նայել հետ,
Բայց իմացել ես միշտ սիրել…
Սեր չեմ ապրել ես իմ օրում,
Բայց շատ օրեր կան առջևում,
Կսիրեմ էլ ու կսիրվեմ,
Սրտիս վերքը կսպիացնեմ,
Կգտնեմ ես այնպես մեկին,
Որ դարման կլինի սրտիս վերքին,
Կնայեմ ես նրա դեմքին,
Էլ ի՞նչ է պետք սիրող սրտին։
Ո՛չ կգոռամ, կա՛մ բղավեմ,
Աչքերով իմ ես կսիրեմ…
Աշխարհի մեջ կա մի լուռ ձայն
Անվանում են դրան վախճան,
Երբ ուզում ես հաղթել մեկին,
Բայց անզոր ես ու լալագին,
Երբ խնդրում ես դու ժամանակ,
Բայց չունես ձայն առհասարակ,
Երբ ուզում ես գրկել կրկին,
Բայց հուշերն են միայն անգին,
Երբ ուզում ես լացել նորից
Ու հետ բերել անհնարին,
Երբ ուզում ես դառնալ արդար,
Դատավոր ես կնքում կյանքին
Եվ այդ պահին հասկանում ես,
Որ էլ չկա, անցավ, գնաց,
Որ դու կայիր ու էլ չկաս,
Որ հասցրիր անցի՛ր, հաղթի՛ր,
Թե ուշացար` մնաս բարով։
Էլ չի լինի նորց նույն,
Առհասրակ, ոչ մի նույնը
Էլ բան չկա, որ կրկնվի,
Արդեն ուրիշ է աշխարհը հին,
Մենակ դու ես, որ նույն բանն ես
Այդ էլ միայն ֆիզիկապես։
Հերոսացած Հարութ Հովհաննիսյանի վերջին բանաստեղծությունը։