19-ամյա Դավիթ Խաչատրյանը, կամ ինչպես հարազատներն են անվանում նրան՝ Դավոն, ծառայում էր Հադրութի N զորամասում։ Մարտի ամենաթեժ կետում Դավիթն ընկավ հերոսի պես։ Դավիթի հարզատ Էլեն Ստեփանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմում է, որ նրան Հադրութից տեղափոխել էին Մարտունի, որտեղ երկու շենքի պայթեցման հետևանքով սալիկն ընկել է Դավիթի ոտքերին։

«Դժվարությամբ Դավիթին հասցրել էին շտապօգնության մեքենա, որում մնալուց հետո ներքին արյունահոսություն է սկսվել․ կյանքը փրկել չի հաջողվել»։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին, իսկ հարազատներն իմացել են նոյեմբերի 2-ին, երբ Դավիթն արդեն անմահացել էր։

Կենսախինդ Դավիթը Երևանից էր, սովորում էր Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 դպրոցում։ Դպրոցն ավարտել էր 2019 թվականին ու հուլիսի 2-ին զորակոչվել բանակ։

Բանակից հաճախ էր զանգում հարազատներին, խոստացել էր գալ ու ամուսնանալ։ Այն, որ Դավիթն ուներ սիրած աղջիկ, հարազատներն իմացել են նրա զոհվելուց հետո․ Դավիթի ընկերներն են պատմել այդ մասին։ Որոշել էր դուստր ունենալ, որին անվանելու էր Անգել։ 

«Դավիթս շատ աշխույժ էր, ժպիտը միշտ դեմքին, շատ կոկիկ էր ու մաքրասեր։ Ամեն հարցում օգնում էր բոլորին, չափազանց ընկերասեր էր։ Բանակում լսել ու մեզ դիմում էր «ջիգյար» բառով։ Շատ երազանքներ մնացին անկատար․․․»,- ասում է Էլենը։

Հարազատները Դավիթից վերջին զանգը ստացել են հոկտեմբերի 31-ին, այն ժամանակ, երբ հերոսն արդեն վիրավորվել էր․ «Խոսել է մայրիկի հետ, ասել՝ մա՛մ, հիշում ես չէ՞, քեզ շատ եմ սիրում»։

Արփինե Հակոբյան