18-ամյա Սամվել Խաչատրյանը բանակ էր զորակոչվել հուլիսի 28-ին, ծառայում էր Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղում: Հրետանավոր Սամվելը հերոսաբար զոհվել է հրթիռի պայթյունից, պատերազմի հենց 7-րդ օրը:
Սամվելի քույրը՝ Ջուլետա Խաչատրյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմում է, որ պատերազմի ընթացքում եղբոր հետ խոսել է 2 անգամ, հիշում է, որ վերջին զանգը եղել է նրա զոհվելուց, ընդամենը, 1 օր առաջ. կարծես, Սամվելն զգում էր, որ դա իր վերջին զանգն է լինելու. «Հոկտեմբերի 2-ին զանգեց, երկար խոսեցինք, ասաց, որ ապահով է, ամեն ինչ լավ է, չանհանգստանանք: Նույնիսկ չգիտեինք, որ հրետանավոր է և որ դիրքերում է գտնվում»:
Ջուլետան պատմում է, որ ամեն անգամ խոսելիս եղբորն ասել է, թե ինչքան է սիրում իրեն, հիշում, որ Սամվելին ուղարկած նամակը իրերի հետ հասել է իրեն:
Սամվելը Շիրակի մարզի Բենիամին գյուղից էր, սովորում էր Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, սպորտսմեն էր, զբաղվում էր թեթև ատլետիկայով: Որոշել էր բանակից զորացրվելուց հետո ընդունվել Հայաստանի պետական մանկավարժական համալսարան:
Սամվելին ճանաչողները գիտեն, որ նա անչափ բարի ու ազնիվ էր: Ինչպես մեր մյուս հերոսները, Սամվելը ևս ուներ բազում երազանքներ ու նպատակներ, որոնք, ցավոք, անկատար մնացին: