Գնաճն աննախադեպ ծավալների է հասել կյանքի բոլոր ոլորտներում՝ առաջին անհրաժեշտության ապրանքներ, սնունդ, հագուստ, ծառայություններ, դեղորայք և այլն: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ ամիսներ առաջ կանխատեսվում էր գնաճ, քանի որ եթե տենդենցները գնում են դրան և քայլեր չեն ձեռնարկվում՝ գնաճն անխուսափելի է լինում․ «Քայլերն ամբողջ ծավալով միանշանակ չիրականացվեցին, ինչն էլ հանգեցրեց գների բարձրացման։ Ունենք 3 ուղղություն, որոնք կարևոր դերակատարում ունեն․ Կենտրոնկան բանկը պետք է որոշակի գործիքակազմ կիրառի առաջարկ-պահանջարկի վրա, որ շուկայում ունենա իր զսպող էֆեկտը։ ԿԲ-ն գնաց այդ քայլին, փոխեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ որոշելով ազդել առաջարկի վրա։ Հարկավոր են վերահսկողական գործիքներ, հատկապես, երբ համատարած թանկացումների ֆոնին հանրության մոտ էլ կա թանկացման սպասում և կան գնաճ ունենալու համար գործոններ՝ ի դեմս դրամի արժեզրկման, միջազգային շուկայի կոմունիկացիոն խնդիրների։ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է տնտեսական ծրագրեր իրականացներ տնտեսությունն ակտիվացնելու համար, սոցապ նախարարությունն էլ պետք է սոցիալական խնդիրները մեղմեր, որն առաջանալու էր գնաճի հետևանքով։ Սակայն այս ամենից հետո՝ էկոնոմիկայի նախարարությունն ասում է գնաճից խուճապահար լինել պետք չէ»,- ասաց նա։
Ըստ Պիպոյանի՝ այսպիսի համատարած թանկացումներ վերջին անգամ եղել են 3-4 տարի առաջ՝ Ամանորից առաջ, պատճառը կրկին դրամ-դոլարի տատանումն էր, միջազգային շուկայում ստեղծված անկայուն վիճակը․ «Այն ժամանակ շատ արագ գործիքակազմեր կիրառվեցին։ Եթե այն ժամանակ չէին ասում՝ նման բան չկա, ապա հիմա ասում են՝ հա ի՞նչ անենք։ Ըստ էության՝ միշտ գործող իշխանություններն այդ պահին հանրությանը հաճելի լինելու, վստահությունը չկորցնելու համար քննադատական մտքերին ագրեսիվ վարք են դրսևորում, բայց իրականում, երբ գնում են աշխատասենյակ այդ քննադատական մտքերի մեծ մասը վերցնում են, գեներացնում են այն բովանդակությունը, որի արդյունքում քայլեր են ձեռնարկում։ Այսօր խնդիրն այն է, որ հանրային դիսկուրսի բացակայություն կա, բովանդակություն չեն գեներացնում»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ փորձագիտական տեսանկյունից գնաճը գերազանցում է 5%-ը, ինչը սակայն քաղաքացիների համար փոքր-ինչ անհասկանալի կարող է լինել․ «Գնաճի միջինացումը տեղի է ունենում մեծ խմբով ապրանքների համար, որի վրա առկա գնաճը սպառողի համար անտեսանելի է, իրեն ավելի տեսանելի են այն ապրանքների գները, որն ամեն օր է գնում, բայց գնաճի միջինացումը քաղաքացիների ամենօրյա գնած ապրանքներով չի արվում։ Այսինքն՝ սպառողն ամեն ապրանքի գնի բարձրացումով է պայմանավորում գնաճը»,- նշեց նա։
Թեև ապրանքների գներն օրեցօր բարձրանում են, սակայն միևնույն ժամանակ չեն աճում մարդկանց եկամուտները և դեռ հակառակը։ Պիպոյանի խոսքով՝ չունենալով եկամուտների աճ՝ սոցիալական վիճակն էլ ավելի է վատանալու․ «Սպառողն ունի նվազագույն կարիքների բավարարման իրավունք․ երբ սպառողի եկամուտը չի աճում, կյանքն էլ թանկանում է, բնականաբար կարիքները շատանում են, որովհետև ինքը քչացնում է այն, ինչն ուներ»,- ասաց Բաբկեն Պիպոյանը։
Նշենք, որ փետրվարի 25-ի դրությամբ հրապարակված մակրոտնտեսական ցուցանիշները ևս մտահոգիչ են․ օրինակ՝ այս տարվա հունվարին նախորդ տարվա համեմատ արդյունաբերության ոլորտում 18,8 տոկոս անկում կա, առևտրի շրջանառությունը նվազել է 15,1, արտաքին ապրանքաշրջանառությունը՝ 16,8 տոկոսով, ունենք արտահանման և ներմուծման նվազում ևս:
Սոնա Հարությունյան