ՀՀ Ոստիկանապետին՝ Ոստիկանության բոլոր ծառայողներին,

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետին՝ անվտանգության ծառայության բոլոր ծառայողներին,

ՀՀ բոլոր իրավապահ մարմինների բոլոր ծառայողներին.

 

Սիրելի հայրենակիցներ, իմ զինակից ընկերներ, ձեզանից շատերին ճանաչում եմ անձամբ և ոչ մի վայրկյան չեմ կասկածում ձեր հայրենասիրության վրա:

 

Վերջին 2,5 տարիների ընթացքում օգտագործել եմ բոլոր հնարավոր միջոցները և բարձրաձայնել եմ այն դավաճանական ծրագրի մասին, որը Նիկոլ Փաշինյանը փորձում էր ի կատար ածելու, որի կուլմինացիան դարձան հայտնի վերջին զարգացումները:

2,5 տարի շարունակ իր վարած հակահայ, հանցավոր մտադրությամբ, քաղաքականության շնորհիվ, վիժեցնելով բանակցային գործընթացը, որպես այլընտրանք՝ մղեց Ադրբեջանին և Թուրքիային լայնածավալ պատերազմի, որի սկիզբը իրավամբ կարելի է համարել Տավուշյան դեպքերը:

Իր ազգադավ ծրագրի ավարտ հանդիսացավ 10.11.2020 թվականի ստորագրած հայտնի փաստաթուղթը, որը ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիայի ընդունում:

 

Իմ մարտական ընկերներ, Արցախի և Հայաստանի անվտանգությունը ապահովողներ՝

 

Կոչ եմ անում բոլորիդ չտրվել պարտված, հակահայ իշխանության սադրանքներին և ուժ չկիրառել իր ազատ և անկախ ապրելու ցանկությունը արտահայտող ձեր հայրենակիցների նկատմամբ:

Կոչ են անում անհապաղ միանալ մեր այն հայրենակիցներին, ովքեր պայքարում են այս խայտառակ կապիտուլյացիայի` համաձայնագիրը ստորագրող Նիկոլ Փաշինյանի դեմ:

 

ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին՝ զինված ուժերի ողջ անձնակազմին,

 

Խնդրում, հորդորում և պահանջում եմ ողջ ուժերը և ուշադրությունը կենտրոնացնել մեր սահմաններին, պաշտպանելով մեր Հայրենիքը:

 

Մենք կորցնելու հայրենիք չունենք:

 

Սիրով Ձեր գեներալ Վիտալի Բալասանյան