Հրաժարականների ինստիտուտը շատ կարեւոր ինստիտուտ է ցանկացած բեւեռացում լիցքաթափելու համար եւ պատասխանատվության որոշակի պաշար իրականացնելու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նա իր հայտարարության մեջ մասնավորապես, ասաց. «Այնպես որ չպետք է նայել, թե մեկին քավության նոխազ են դիտում, մյուսին չեն դիտում: Պաշտոնյան ինքը պետք է գիտակցի իր կատարած աշխատանքի արժեքը, իր կատարած թերացումները: Եթե չի գիտակցում եւ թողնում է, որ իրեն հանեն, դրանով խնդիր է ստեղծվում պետության համար:

«Նոր պատերազմ նոր տարածքների դիմաց». պաշտպանության նախարարի այս թեզից, փաստորեն, շատ լավ օգտվեց միայն թշնամին: 44-օրյա պատերազմից հետո երկար տարիների ընթացքում մեր երկրում  ձեւավորված անվտանգային համակարգը քայքայվեց: 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թշնամին ցույց տվեց, որ չի պատրաստվում խաղաղ ճանպարհով լուծել հարցը: Իսկ արդեն պատերազմից հետո փոխանակ իրականության հետ առերեսվելու, դասերը քաղելու եւ բանակն ուժեղացնելու, չգիտակցելով պատերազմի քաղաքական հետեւանքները, այն ժամանակվա զինված ուժերի կոռումպացված ղեկավարությունը պնդում էր, որ մենք հաղթել ենք:

 

Իսկ արդեն այսօրվա լայնածավալ պատերազմի ընթացքում ԶՈՒ գլխվոր շտաբի կողմից պատերազմը կանխատեսելու, պլանավորելու, ապահովելու ու ղեկավարելու լիարժեք անընդունակությունը, առաջնագծի անպաշտպանվածությունը, ՊՆ-ի աննպատակ, չհիմնավորված ու կասկածելի  գնումները, ինչպիսիք են պատերազմի ժամանակ չօգտագործված «ՍՈՒ 30»-ները, պատերազմի համար անհրաժեշտ տարրական չգնումները, ինչպես օրինակ զրահաբաճկոններն ու սաղավարտները, ԶՈՒ նոր կառուցվածքը 2019 թվականից ԶՈՒ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կազմալուծումը եւ հատուկ տեխնիկայի գիտակցաբար ու նպատակային արժեզրկումն ու ոչնչացումը, զորահավաքի տապալումը, կազմակերպական կարողությունների  լիարժեք բացակայությունը եւ շատ ու շատ այլ հանգամանքներ բերեցին այս իրավիճակին:

Դրանց բոլորին այսօր չեմ կարող անդրադառնալ, դրանց մասին կխոսվի հետագայում մեկ այլ քննարկման շրջանակում:

Երբ ես խոսում եմ Գլխավոր շտաբի այսօրվա թերացումների մասին, դա չի վերաբերում այսօր ԳՇ պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի կառավարման ժամանակահատվածին, որովհետեւ նա նշանակվել է մի քանի ամիս առաջ: Սա վերաբերում է ապրիլյան պատերազմից հետո այն ժամանակվա թե օպերատիվ վարչության պետի, հետագայում նաեւ ԳՇ պետի պարտականությունները կատարող Արտակ Դավթյանին: Օրիկ Գասպարյանն արել է մաքսիմալը որպես  բանակի ակունքներից մինչեւ ամենաբարձր զինվորական պաշտոնն անցած զինվորական եւ իմ ճանաչած ամենաբարոյական զինվորականներից մեկը:

Կատարվածից հետո առնվազն սպասելի էր, որ պաշտպանության նախարարը եւ ԶՈՒ այն պատասխանատուները, որոնք աններելի բացթողումներ են ունեցել, պետք է արդեն հրաժարական տված լինեին: Իսկ նրանց կողմից անմիջապես անմիջապես հրաժարական չտալը խոսում է այն մասին, որ նրանք բացարձակապես չեն գիտակցում, թե ինչ են արել եւ ուր է տանելու մեզ այս ձախողումը: Այս անձանց անպատիժ մնալու դեպքում բանակում ոչ միայն շարունակվելու են նման երեւույթները, այլեւ լրջագույն սպառնալիք են դառնալու ՀՀ անվտանգության համար:

Փառք ու պատիվ մեր բոլոր զոհվածներին, պատերազմի օրերին հայրենասիրությամբ ու խիզախությամբ աչքի ընկած հրամանատարներին ու զինվորներին, որոնց շնորհիվ հնարավոր եղավ փրկել խաղաղ բնակչությանը, ռազմական ու քաղաքացիական բազմաթիվ կառույցներ: Հենց նրանց հենքի վրա պետք է ձեւավորվի նոր, ժամանակակից զինված ուժեր՝ առաջատար թե սպառազինությամբ, թե ինտելեկտով , թե ազնվությամբ, թե այլ որակներով:

Շուտով կհրապարակվի նաեւ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը: Ի դեպ, ապրիլյան պատերազմի հետ կապված որոշ եզրահանգումներ արդիական են նաեւ այսօր»:

Ի պատասխան ՊՆ-ի կողմից երեկ տարածած հայտարարություններին, նշե, որ նախարարությունը հատկապես այս օրերին պետք է հանդես գար մեր հաղթանակի, վատագույն դեպքում մեր պարտության վերաբերյալ հստակ , խելամիտ հիմնավորումներով, եւ ոչ ստահոդ ու պոպուլիստական գրառումներով: Ինչ վերաբերում է նախարարության ստորաբաժանումների գործունեությանը, իբրեւ թե, իմ քաջատեղյակ չլինելուն, նշեմ, որ մեր սերունդն այդ գիտելիքներով ֆիդայական կազմավորումներից ձեւավորեց կանոնավոր բանակ, որը փայլուն հաղթանակ տարավ եւ կնքեց 1994 թվականի զինադադարը»: