Զինվորական Սուրեն Աբրահամյանը, 5 տարի շարունակ իր կյանքը զինվորական ծառայությանը նվիրելով, զոհվեց՝ հանուն հայրենիքի պաշտպանության: Սուրենը միշտ երազել էր աշխատանքի անցնել Ազգային անվտանգության ծառայությունում, իր երազանքը, իհարկե, կատարվեց, ցավոք, այդ ոլորտում նա հասցրեց աշխատել, ընդամենը, 2 ամիս. «Իր աշխատասիրության շնորհիվ Սուրենը տեղափոխվեց ԱԱԾ՝ աշխատանքի: Շատ լավ ծառայող էր, լավ էր կատարում իր աշխատանքը: Ամեն անգամ այդ համազգեստը ինքը մի ուրիշ հպարտությամբ էր կրում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց Սուրեն Աբրահամյանի քույրը՝ Անգելինա Աբրահամյանը:
Ընտանիքում 3 երեխա էին՝ երկու աղջիկ և մեկ տղա, Սուրենը միջնեկն էր. «Բնավորությամբ ինքը բավականին խստապահանջ էր, չէր սիրում շտապել, ամեն ինչ թողնում էր ժամանակի ընթացքի վրա: Ես իր փոքր քույրն եմ ու իմ հանդեպ շատ խիստ էր: Մեր ընտանիքում ամենակարևոր հարցերը առանց իրեն չէին քննարկվում: Շատ բարի էր, ընկերների համար կյանքն էլ կտար, որը արեց»,- մեծ հպարտությամբ նշեց հերոսի քույրը:
Սուրենը 7 ամիս է, ինչ ամուսնացել էր, շուտով լույս աշխարհ պետք է գա նրա առաջնեկը. «Եղբայրս մեծ անհամբերությամբ էր սպասում իր և զավակի հանդիպմանը»,- հուզված նշեց մեր զրուցակիցը:
Սուրենը շատ էր սիրում կյանքը: Նա մեծ երազանքներ ուներ, 2 տարի առաջ հողատարածք էր գնել և ուզում էր մեծ տուն կառուցել. «Ազատ ժամանակ հաճախ էր գնում այդ տարածք՝ աշխատելու: Տան շինարարությունը Սուրենը ցանկանում էր միայնակ անել, կամաց-կամաց քարը քարի վրա էր դնում, ավաղ, դա էլ մնաց կիսատ»,- ընդգծեց Անգելինան:
Պատերազմական օրերին Սուրենը հաճախ էր ասում, որ ամեն ինչ հանուն հայրենիքի, հանուն հայ ազգի են անում, ծառայում եմ հայոց բանակին: Ասում էր, որ հանուն հայրենիքի պատրաստ է կյանքը տալ, ինչն էլ արեց. «Մինչև վերջին պահը շատ հաղթական տրամադրություն էր իր մոտ: Երբ հեռախոսազրույց էինք ունենում, ասում էր՝ մա՛մ, ամեն ինչ լավ է լինելու, հաղթելու ենք, հետ եմ գալու ձեզ ու իմ ճուտին հասնեմ: Ասում էր, որ շատ էր ուզում բոլորիս տեսնել: Ինձ հետ խոսելիս էլ՝ ասաց՝ քո՛ւրս, քիչ մնաց, համբերի, 10 օրից կամ ես եմ գալիս, կամ դուք եք գալիս»,- վերհիշում է Անգելինան:
Սուրենը չափից դուրս նվիրված էր իր ընկերներին, երբ նոյեմբերի 1-ին նա կանտուզիա է ստանում, իրեն թույլատրում են 5 օրով վերադառնալ տուն, բայց նոյեմբերի 2-ին նորից մեկնում է առաջնագիծ՝ ընկերների կողքին. «Պապան ու ընկերները խնդրեցին, որ չգնա, դեռ 5 օր կա, ասաց չէ, ընկերներս էնտեղ են, պետք է գնամ, նրանց հետ լինեմ: Գնաց ու ամսի 3-ին զոհվեց՝ հանուն հայրենիքի»,- ցավով ասաց հերոսի քույրը:
Տանեցիները վերջին անգամ Սուրենի հետ խոսել են դեպքից կես ժամ առաջ, որի ընթացքում Սուրենը արել է ամեն ինչ, որ մայրը չանհանգստանա իր համար.
«Մամային հարցրեց՝ մա՛մ, խոզի միս ունենք, ո՞նց տապակենք, բայց ձեթ չունենք, մաման էլ լուրջ ընդունելով եղբորս ասածը՝ մտածում է, թե ինչ լավ է, ուրեմ տղաս ապահով տեղում է»,- պատմեց Անգելինան, նշելով՝ խոզի միս ասելով եղբայրը նկատի է ունեցել 400 հոգանոց թշնամու ուժերը, որոնց նրանք ոչնչացրել էին:
Մայրիկին հանգստացնելուց հետո Սուրենը հաղորդագրություն է ուղարկում նաև կնոջը, որում ասվում է. «Ես ամենից շատն եմ ուզում ապրել, ամեն ինչ լավ է լինելու, ես հետ եմ գալու»,- պատմեց հերոսի քույրը:
Զվարթ Պետրոսյան