Բարձր տեխնոլոգիական արյդունաբերության նախարար Հակոբ Արշակյանը այն եզակի նախարարներից է, ով պատերազմի ավարտից հետո հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել: Սա ենթադրում է, որ նախարարը անչափ գոհ է իր աշխատանքի արդյունքներից; Բանն այն է, որ նախարար Արշակյանը պատերազմի օրերին մի շարք կուրյոզային իրավիճակներում հայտնվեց: Նախ ադրբեջանցիներին, չգիտես ինչպես, հաջողվեց կոտրել նախարարի համակարգիչը և ոչ միայն արժեքավոր ինֆորմացիա տանել, այլ նաև ի ցույց դնել հայ հանրությանը, թե պատերազմի օրերին և աշխատանքային ժամերին ինչով է զբաղվում նախարար Արշակյանը: Մյուս կուրյոզային դեպքը կապված է Արշակյանի կառավարման շրջանում արտադրված հայկական ԱԹՍ-ի փորձարկման հետ, նախարարությունից, լրատվամիջոցների հարցին ի պատասխան, չեն հերքել, որ այդ ԱԹՍ-ները շատ կարճ կյանք են ունեցել՝ ընկել են օդ բարձրանալուց վայրկյաններ անց: 

Նախարար Արշակյանը, լինելով տրանսպորտի և կապի նախարար, հաջողությամբ յուրացրեց նախկինների արդյունքները և ոչ պակաս հաջողությամբ փիառվեց դրանց վրա: Կարծես թե, նույնն էլ տեղի է ունենում ռազմաարդյունաբերության ոլորտի հետ: Նախորդ տարի նախարարը հայտարարել էր՝ քարտեզավորում են ինչ պոտենցիալ ունեն` թե՛ գիտելիքի, թե՛ արտադրական կարողությունների առումով, որպեսզի սկսեն արտադրական ու գիտահետազոտական նախագծեր ֆինանսավորել։ Ավելին` Հայաստանը չի պատրաստվում բավարարվել միայն ներքին պահանջարկը սպասարկելով, այլ դրսի շուկա մուտք գործելու քայլեր կարվեն։ Նախընտրական շրջանում էլ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ ստեղծվելու են ռազմաարդյունաբերական գործարաններ, որտեղ արտադրվելու են զենքեր, բացվելու են աշխատատեղեր: Քանի՞ ռազմաարդյուանեբարական նոր գործարան բացվեց Հայաստանում հեղափոխությունից հետո: Օրինակ, «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկության բացումը տեղի է ունեցել դեռ 2014 թվականին՝ Սեյրան Օհանյանի ղեկավարման շրջանում: Այսօր Փաշինյանը ընդունում է Լյուբավայի ներկայացուցիչներին, քննարկում օրակարգային հարցեր, սակայն ինչո՞ւ նմանատիպ ձեռնարկություններ չեն բացվել հեղափոխությունից հետո: Այո, Հայաստանում սկսել են Կալաշնիկովի ինքնաձիգներ արտադրել։ 

Հայաստանի պաշտոնատար անձինք ռազմաարդյունաբերական համալիրին առնչվող հարցերում ձգտում են միայն «պարծենալ»՝ շրջանցելով խնդրահարույց հարցերը: Իսկ իրականում Հայաստանում արտադրանք է ստեղծվում, սակայն դրա քանակությունն ու ծավալները չեն համապատասխանում երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին: Հայ գեներալները նախընտրում են զենք գնել Ռուսաստանից: 

Հակոբ Արշակյանի նոու-հաուներից մեկն էլ ռազմաարդյունաբերությունը գիտական հենքի վրա դնելն էր: Սակայն, նշենք, որ դեռևս Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում կառավարությունը ընդունել է մի ռազմավարություն, որի նպատակներից էր ռազմատեխնիկական քաղաքականության ուղղություններով պետական, ինչպես նաև ոչ պետական բաժնեմասերով հոլդիգների, կոնցեռնների ձևավորումը՝ նրանցում պարտադիր ստեղծելով կամ ընդգրկելով համապատասխան գիտահետազոտական կառույց: Փաստաթղթի հիմնական խնդիրն էր ռազմատեխնիկական քաղաքականության զարգացման գերակա ուղղությունների իրականացման նպատակով գիտաարտադրական պաշարով գիտատեխնիկական համալիրի ստեղծումը, որը գիտահետազոտական զարգացման և ռազմագիտահետազոտական ինստիտուտի կանխատեսումների հիման վրա կմշակի և կիրականացնի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման երկարաժամկետ պլանավորում՝ նորարարական աշխատանքների համար: Փաստաթղթում նշված էին նաև ՀՀ ռազմարդյունաբերական քաղաքականության գերակա ուղղությունները մինչև 2020 թվականը, իսկ մի շարք դրույթների հետ կապված աշխատանքներ արդեն իսկ տեղ են գտել կառավարության ընդունած որոշումներում կամ էլ գտնվում են մշակման ու իրականացման փուլում: 


2019-ին հայտարարվել էր, որ ռազմաարդյունաբերության համալիրի ֆինանսավորումը կավելանա 114 տոկոսով, և չնայած դրա՝ հայրենի ռազմաարդյունեբերության համալիրի ձեռքբերումները վերջին 1.5-2 տարիների ընթացքում անգամ նշարելի չեն, չկան գործնական հաջողություններ, իսկ պատերազմը ցույց տվեց, որ հայակական ռազմաարդյունաբերության համալիրը նման մասշտաբի մարտահրավերին պատրաստ չէր: Եվ հետաքրքիր է որ ռազմաարդյունաբերության կոմիտեի ղեկավար Արտակ Դավթյանին հեռացնում են, մինչդեռ բազմաթիվ խոստումներ տված և դրանք փաստացի չկատարած նախարարը իր հրաժարականի հիմքերը անգամ չի տեսնում…