Հեղափոխությունից հետո Հայաստանի մի շարք քաղաքներ նոր ղեկավարներ ունեցան. հեղափոխական թիմի ներկայացուցիչները Արմավիրում, Հրազդանում , Էջմիածնում շուրջ մեկ տարի առաջ ստանալով ժողովրդի քվեն՝ ընտրվեցին քաղաքապետեր: Վերջիններից սպասումները անշուշտ մեծ էին, սակայն, այն ինչ եղավ հետո՝ անչափ հուզիչ էր: Մի քանի օրից լրանում է հեղափոխական քաղաքապետերի պաշտոնավարման մեկ տարին, սակայն վերոնշյալ քաղաքներում հեղափոխական փոփոխությունները դեռ սարերի հետևում են: Վերոնշյալ երեք քաղաքապետարանների պաշտոնական կայքերը ընթերցելիս տպավորություն է , որ գտնվում ես սպորտի կամ արդեն գոյություն չունեցող մշակույթի նախարարության կայքէջերում: Փաստացի մեկ տարվա մեջ ժամանցային ու սպորտային միջոցառումներից, տարատեսակ տոներ նշելուց զատ ոչինչ էլ տեղի չի ունեցել: Սակայն այդ խրախճանքը առկա էր նաև նախորդ «հանցավոր» ռեժիմի ղեկավարության օրոք, այդ դեպքում՝ ո՞րն է հեղափոխության որակական փոփոխությունը:
Մեկ տարվա մեջ Հրազդանում ամենասենսացիոն փոփոխությունը եղավ նախկին քաղաքապետի ձերբակալությունը, չմոռանանք նաև Սևակ Միքայելյանի ոչ պակաս «հեղափոխական» առաջարկը՝ փակել քաղաքի բոլոր գիշերային ակումբները: Բիզնեսի զարգացումը հետհեղափոխական Հայաստանում, ինչ խոսք, հանրության մի ստվար զանգված այդպես էլ հասկանում էր՝ փակելով և կապ չունի ՝ ում, կամ ինչը: Ինչ վերաբերվում է Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանին, ապա վերջինս մեկ տարի անց էլ շարունակում է հպարտանալ առաջին կին քաղաքապետի կարգավիճակով: Ինչպես ասում են, երբ ուրախանալու այլ ավելի առարկայական առիթներ չեն լինում՝ կախվում են փրփուրներից: Կամ էլ ինչու ոչ, կարելի է մեկ տարվա ձեռքբերումների շարքում ներկայացնել Ֆրանսիայից իբրև բարի կամքի դրսևորում նվեր ստացած ավտոբուսների Էջմիածին հասնելը: Պատկերացնելն է անգամ դժվար, թե ինչ տիտանական ջանքեր են գործադրվել «դարի գործարքը» կյանքի կոչելու նպատակով: Այս ամիսների ընթացքում Դիաննա Գասպարյանը համայնքի ավագանու նիստեր է արել, մեկ անգամ հանդիպել է ԵՄ արդեն նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ, ընդ որում, ինչպես երևում է՝ անարդյունք, քաղաքի տոնին լավագույն մաղթանք գրողներին խորհրդանշական նվերներ է հանձնել, գրական հանդիպում է անցկացրել, և թերևս ամենաուրախալի և առարկայական լուրը Էջմիածինցիների համար՝ համայնքը ճանաչվել է 2018-ի մաքուր համայնք: Հարց է առաջանում ՝ իսկ ո՞ւր են ներդրումները: Ոչ Արմավիրը, ոչ Հրազդանը, ոչ էլ Էջմիածինը այդպես էլ ներդրումային բումերի ականատես չդարձան:
Առանց խորքային վերլուծության էլ պարզ է, որ Նոր Հայաստանի նոր քաղաքապետերը դեռևս չեն արել իրենց քայլը, չեն արել որևէ գործնական քայլ, որից էականորեն կբարելավվեր քաղաքի բնակիչների կյանքի որակը, չեն մշակել ոչ մի ծրագիր, չեն բերել լուրջ ներդրումներ՝ ապահովելու համայնքային ծրագրերի իրականացումը, լուրջ ու առարկայան մուտքեր բյուջե չեն ապահովել: Հետևաբար տրամաբանական հարց է առաջանում՝ նախորդները վա՞տ էին պարապուրդի մատնված…